Հանրային մեծ դիսկո՞ւրս, թե՞ Արևմուտքին հավատարմության շոու. Ո՞րն է ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության նպատակը
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման վերաբերյալ «Ելք» խմբակցության նախաձեռնությունը միջոց է հանրութան հետ քննարկում ծավալելու համար և այդ նպատակն արդեն իրագործվել է: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ հայտնեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Բոլոր ԶԼՄ-ներում այդ թեման է, այսինքն` մեծ դիսկուրս է սկսված, և մենք ունենք բոլոր լծակները այն շարունակելու համար»,- ասաց Փաշինյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով` «Ելքն» ինքն իսկ համոզված է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծը մերժված է:
Նա հորդորեց ծանոթանալ «Ելքի» հիմնավորումներին և կառավարության ներկայացրած հաշվետվությանը:
Ըստ Բաղդասարյանի` «Ելքի» հիմնավորումներից որևէ մեկը հիմքեր չունի:
«Սա շոուի կարգավիճակի նման մի բան է, որ հերթապահ ձևով դրել են, որ հայտնեն իրենց հավատարմությունը Արևմուտքին»,- վստահեցրեց Բաղդասարյանը: