«Եվրոպական բիզնես-ընկերություններից դրական կարծիքներ եմ լսում Կարեն Կարապետյանի կառավարության իրականացրած քայլերի մասին». Պյոտր Սվիտալսկի
«Կարեն Կարապետյանի կառավարությունը մի շարք քայլեր է իրականացրել Հայաստանում բիզնես-միջավայրը բարելավելու համար։ Դա հիմնականում վերաբերում է հարկային և մաքսային մարմիններին։ Եվրոպական շատ բիզնես-ընկերություններից ես դրական կարծիքներ եմ լսում այդ առումով»,- այսօր «Եվրոպան Հայաստանում» խորագրով ԵՄ բազմաոլորտային առևտրային և ներդրումային ցուցահանդեսի առթիվ հրավիրված ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Նա նշեց, որ դա ճիշտ ուղղություն է, բայց անհրաժեշտ է գտնել նաև այլ հնարավորություններ.
«Մենք կաջակցենք Հայաստանի կառավարությանը` ներգրավելու նոր եվրոպական բիզնեսներ դեպի Հայաստան։ Միջոցառումները, որոնք ուղղված են դատաիրավական համակարգի անկախության, կոռուպցիայի դեմ պայքարում, շատ կարևոր են այս հարցում։ Մենք խրախուսում ենք հայկական ղեկավարությանը՝ լինել ավելի ակտիվ, հատկապես՝ օտարերկրյա կապիտալը ներգրավելու գործում։ Պետությունները միմյանց հետ մրցում են ներդրումներ գրավելու համար։ Միայն ակտիվ մասնակցությունը, քաղաքականությունը կարող է ավելի շատ եվրոպական ներդրումներ բերել Հայաստան»։
Դեսպանը կարևորեց նաև խաղաղությունը, քանի որ, ըստ նրա՝ բիզնեսը սիրում է կայունություն և խաղաղություն. «Սա այն ուղղությունն է, որ Հայաստանը գնում է մեզ հետ, և մենք կանգնած ենք կայուն հիմքերի վրա՝ համագործակցելու Հայաստանի հետ»։