Ադրբեջանի ռազմական հանցագործությունների փաստերով ներկայացվել է շուրջ 700 հայց

Հայաստանի քաղաքացիները շուրջ 700 հայցեր են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` 2016 թ. ապրիլին Թալիշում Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների հետ կապված: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ո՞ր փուլում է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների գործերով հայցերի ներկայացումը:

Ըստ նրա` Հայաստանի Հանրապետությունը` որպես երրորդ կողմ, ներգրավված է բոլոր հարցերի քննության փուլում:

«Կանխատեսելիությունը ՄԻԵԴ-ում բավականին ակնհայտ է` նկատի ունենալով նախադեպային իրավունքի դրսևորումը: Մեր հիմքերը բավականին անխոցելի են և ապացույցները բավականին պինդ ու ամբողջական, որ իրենց ամբողջության մեջ հիմնավորում են, որ այն նույն ապրիլյան պատերազմի գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի և անհատների կողմից իրականացվել են ոչ միայն կյանքի իրավունքի դեմ, այլև խոշտանգումների դրսևորումներ, գույքի վնասման, մարմնական վնասվածքներ հասցնելու:

Այսինքն` մի ամբողջ կոմպլեքս մարդու իրավունքների խախտման փաստերը ոչ միայն արձանագրված են, այլև բավականին հիմնավոր արդեն ներկայացված են: Մենք միանշանակ ակնկալում ենք, և դա զուտ ցանկությունների դաշտից չէ, այլ` օբյեկտիվորեն, ցանկացած անկախ դիտորդի մոտ այդ փաստերը նայելուց այնպիսի տպավորություն կառաջանա, որ Հայաստանի քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը բացարձակ հիմնավոր են»,- ասաց Գ.Կոստանյանը` հավելելով, որ ՄԻԵԿ 14-րդ արձանագրությունը լրացուցիչ ընթացակարգ է սահմանել, որ բոլոր հարցերը և հայցերը, որ քննարկվում են ՄԻԵԴ-ում, և դրա համար նախկինում 5-7 տարի էր պահանջվում, այժմ ավելի կարճ ժամկետում կքննվեն, ընդհուպ` այսօր ներկայացված հայցի մասին որոշում կարող է լինել 1 տարվա ընթացում:

 

Տեսանյութեր

Լրահոս