«Սարսափելի աբսուրդային փաստարկ»
«Սարսափելի աբսուրդային փաստարկ է բերվել այս օրերին, որ եթե Հայաստանը դուրս գա, ԵԱՏՄ են մտնում Թուրքիան և Ադրբեջանը: Նախ` եթե Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանան մտնել ԵԱՏՄ, ես չեմ կարծում, որ Հայաստանը կկարողանա դրա դեմն առնել: Սա` մեկ: Երկրորդ` Թուրքիան և Ադրբեջանն այնքան պատկերացում ունեն իրենց հարաբերությունները զարգացնելու մասին, որ երբևէ չեն մտնի ԵԱՏՄ կազմի մեջ: Թուրքիան իր` Եվրամիության հետ եղած բարձր գնողունակության 500-մլնանոց շուկան չի թողնի ու գա մտնի ԵԱՏՄ 170 մլնանոց աղքատ, ցածր մակարդակով, սահմանափակումներով շուկա:
Երրորդ` Թուրքիան ներկայումս ևս ազատ առևտուր է անում ԵԱՏՄ անդամ երկրների հետ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին` նա այս պահին շահեկան վիճակում է գտնվում, որովհետև նրա վրա չեն տարածվում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, իսկ Հայաստանի վրա դրանք տարածվում են: Եվ նրանք կյանքում նման քայլ չեն անի»,- 168.am-ին ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` մեկնաբանելով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում Թուրքիայի և Ադրբեջանի անդամակցության հարցը:
Ըստ նրա` շատ ցանկալի կլիներ, որ այդ երկրները մտնեն ԵԱՏՄ և կործանվեն, ինչպես մեր երկիրն է մարգինալացված, ինչպես մեր տնտեսությունն է ծայրահեղ վատ վիճակում. «Թող Ադրբեջանն անպայման մտնի ԵԱՏՄ-ի մեջ: Դրանից վատ բան չի կարող լինել Ադրբեջանի հետ»:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: