ԵԽ ԽՎ վեհաժողովում հակաադրբեջանական 2 զեկույց է քննարկվելու

Հոկտեմբերի 9-ին մեկնարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի վերաբերյալ 2 զեկույցներ են քննարկվելու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Ըստ նրա`  առաջինը քննարկվելու է Իրավական հարցերի հանձնաժողովում, և խոսքը վերաբերում է Ադրբեջանի լավագույն լոբբիստներից մեկին`  բելգիացի պատվիրակ Ալան Դեստեքսին, որն անցնում է նաև կոռուպցիոն հայտնի փաստաթղթերի միջով, և նրան վերաբերող նաև այլ հրապարակումներ կան, և նա է «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում» զեկույցի հեղինակը: ՀՀ պատվիրակության ղեկավարի խոսքով`  Իրավական հարցերի հանձնաժողովում Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի հետ կապված որոշակի փոփոխություն կատարվեց Իսլանդիայի պատվիրակի առաջարկի վրա: Նա նշեց, որ երկրորդ զեկույցը մոնիտորինգային հանձնաժողովինն է, հեղինակները`  Ստեֆան Շենախ և Սեզար Պրեդա, իսկ զեկույցը վերաբերում է Ադրբեջանի ընդհանուր մոնիտորինգային պարտականությունների կատարմանը:

«Մոնիտորինգի հանձնաժողովում հետաքրքիր  քննարկում է եղել,  Շենախն առաջարկել է, որ ինքը պետք է Բաքու այցելի և լրացումներ կատարի այդ զեկույցին: Տեսնենք, թե ինչ լրացում է ներկայացնելու: Ամեն դեպքում մոնիտորինգի հանձնաժողովում ևս անցել է Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալին վերաբերող  մի դրույթ, որով Վեհաժողովը մտահոգություն է հայտնում այդ հարցի վերաբերյալ և կոչ անում քննարկել»,- ասաց նա:

Ա.Հովհաննիսյանը հիշեցրեց, որ կոռուպցիոն հայտարարությունների հիման վրա գործունեություն ծավալող, հետաքննող մարմինն այլևս սկսել է իր գործունեությունը, պատվիրակները ներկայացրել են փաստաթղթերը, արդյունքներն առաջիկայում կտեսնենք.  «Բայց այս մարմինն արդեն բյուրոյում գաղտնի ռեժիմով հաստատել է նաև իր գործունեության կանոնները»:

Անդրադառնալով հայկական պատվիրակության ռազմավարությանը, որ նախկինում առավելապես պաշտպանական էր ադրբեջանական հարձակումներից, ՀՀ ԱԺ նոր պատվիրակությունը չի սահմանափակվի միայն պաշտպանությամբ. «Չես կարող փորձել ամողջությամբ ներգրավվել համաեվրոպական օրակարգ, երբ ունես այնպիսի թշնամի, ինչպիսին Ադրբեջանն է, և այնպիսի լոբբիստներ, ինչպիսին Ադրբեջանի լոբբիստներն են: Որոշակի փոփոխություններ իմ տեսլականին համահունչ, եթե պատվիրակությունը համախոհություն դրսևորի, մենք կիրականացնենք»:

Տեսանյութեր

Լրահոս