«ԱՄՆ-ը սպասում է ՀՀ կառավարության հիմնավորումներին». Ռիչարդ Միլս

«Հայաստանում որպես դեսպան պաշտոնավարելու ընթացքում ինձ համար գերակա խնդիր է եղել տնտեսական և առևտրային կապերի ամրապնդումը մեր երկրների միջև»,- այսօր հայ-ամերիկյան առևտրային պալատի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կկազմակերպած համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

Նա նշեց, որ այս շաբաթ Հայաստանում ընդունել է ԱՄՆ-ի առևտրի գրասենյակի երկու բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք Հայաստան են եկել, որպեսզի ներկայացնեն GSP համակարգի ներքո առկա հնարավորությունները, որնցից Հայաստանը կարող է օգտվել։

«Այս ծրագրի շրջանակում որոշակի երկրներից որոշակի ապրանքատեսակներ հնարավոր է ԱՄՆ արտահանել արտոնյալ ռեժիմով՝ նվազեցված մաքսային վճարներով։ Այս պահին իսկ Հայաստանի արտահանումների 60%-ը ԱՄՆ իրականացվում է հենց GSP ռեժիմի ներքո․ այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են այլումինե փայլաթիթեղը, ջեմերը և ոսկերչական իրերը։ Սակայն ես նաև հավատացած եմ, որ հայաստանյան գործարարներն ավելի շատ կարող են օգտվել GSP-ի ընձեռած հնարավորություններից»։

Լրագրողները դեսպանից հետաքրքրվեցին, թե ինչքանո՞վ է հնարավոր մոտ ժամանակներում կրկնակի հարկումը բացառող պայմանագրի ստորագրումը ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև։

Ի պատասխան՝ դեսպանն ասաց. «Ես նշեցի, որ այսօր մենք այստեղ ենք, որպեսզի խոսենք առևտրի արտոնյալ ռեժիմի՝ GSP-ի ներքո իրականացվող աշխատանքների մասին։ Իսկ կրկնակի հարկման համաձայնագրի հարցը Հայաստանի կառավարության կողմից բարձրացվել է, և մենք բազմիցս նշել ենք, որ նման համաձայնագրի ստորագրումը կդիտարկվի, եթե իսկապես անհրաժեշտություն առաջանա առևտրաշրջանառությունը խթանելու համար նման համաձայնագիր ունենալ։ Այս պահին գործող 1970-ական թթ. ընդունված կրկնակի հարկման վերաբերյալ համաձայնագիրը, կարծում եմ՝ լիովին բավարարում է մեր առևտրային հարաբերությունների իրականացման համար, և մենք սպասում ենք, թե ինչ փաստարկներ կներկայացվեն ՀՀ կառավարության կողմից, որոնցով կհիմնավորվի նոր համաձայնագրի անհրաժեշտությունը»։

Տեսանյութեր

Լրահոս