«Որ գնացին, պաշտոնյաները չեն հարստանա՞»

«Իսկ ո՞վ ասաց, որ մենք արտագաղթի խնդրով չենք զբաղվում ու իրավիճակը չենք վերլուծում: Ձեզ թվում է, թե իշխանությունը չի ուզո՞ւմ կամ չի փորձել լուծել արտագաղթի հարցը: Ոչ, փորձել է, ուզում է, նպատակը կա, բայց գործիքները, որոնք անհրաժեշտ են, այդ գործիքները մենք չունենք»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական և առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

168.am-ի հարցին, թե հաջողություն չարձանագրած իշխանությունները ինչո՞ւ չեն հեռանում, Հ.Հակոբյանը պատասխանեց. «Չեն կարող»:

Դիտարկմանը, որ դրա պատճառով երկիրը շարունակվում է դատարկվել, Հակոբյանը հակադարձեց, թե քաղաքացիներն են գնում. «Դուք իրենց հարց տվե՞լ եք, թե ինչո՞ւ են գնում»:

Դիտարկմանը, որ արտագաղթի հիմնական պատճառն անարդարությունն է և պաշտոնյաների անօրինական հարստացումը, Հակոբյանը վրդովվեց.

«Է, թող մնան, պայքարեն պաշտոնյաների դեմ, ինչի՞ են գնում: Որ գնացին, պաշտոնյաները չեն հարստանա՞: Այ քեզ քաղաքացիական լիազորություն, կամ պարտականություն, կամ իրավունք: Ընտրություններն արդեն չեն կեղծվում: Ինձ պատասխան տվեք՝ որ գնացին, պաշտոնյաները չեն գողանա՞: Հակառակը, պետք է մնալ ու պայքարել նման պաշտոնյաներիի դեմ: Ինչո՞ւ հասարակությունը չի պայքարում գողացող պաշտոնյաների դեմ: Ինչպե՞ս են պայքարում` Ռուսաստանո՞վ»:

Տեսանյութեր

Լրահոս