«Ուզում եմ սուտի գնահատողներին ասել, որ մեր հաջողությունների կամ անհաջողությունների պատճառները չփնտրեն իբր ԵՏՄ-ում գտնվելու պարագայում»

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը «ոչ դրական» է վերաբերում ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» նախաձեռնությանը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այս պահին Հայաստանի Հանրապետության համար ԵԱՏՄ-ից դուրս գալու ինստիտուտը նպատակահարմար չէ` պայմանավորված բազմաթիվ պատճառներով.

«Ուզում եմ սուտի գնահատողներին ասել, որ մեր հաջողությունների կամ անհաջողությունների պատճառները չփնտրեն իբր ԵՏՄ-ում գտնվելու պարագայում: ԵՏՄ-ն վատագույն դեպքում մեզ համար մի մեծ շուկա է 180 մլն-ից ավել, որտեղ կարող է իրացվել մեզ մոտ արտադրական ցածր կուլտուրայով ապանքները, որը Եվրոպան ընդհանրապես չի էլ թողնի իր շուկաներ:

ԵՏՄ անդամ երկրների տարածքներում ապրում են 3 մլն-ից ավելի հայ մարդիկ` իրենց ընտանիքներով, ստանում են եկամուտներ և տրասֆերտների ձևով ուղարկում են մեր երկիր: Հիմա որոշ ուժեր առաջարկում են այդ ծառի ճյուղը կտրել: Է, կտրեք: Դա ի՞նչ կապ ունի մեր 3 մլն-ի ապրելու հետ: Պետք է մտածենք նաև իրենց մասին, չէ՞»:

Ըստ նրա` խնդիրը պետք է իմաստավոել համակողմանիորեն և գնահատել:

Բոստանջյանը նշեց, որ մինչև բոլոր դրական ու բացասական կողմերը չհամադրվեն, դրա վերաբերյալ խոսելը պարզապես ավելորդ է:

«Էական չէ, թե ո՞ր միության կազմում ենք: Հարցն այն է, թե մեր երկիրն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ, ստեղծո՞ւմ է, թե՞ ոչ, գործազրկությունը կա՞, թե՞ չկա: Դրա մասին խոսեք: Դուրս է գալիս, որ եթե այդ միություն չմտնեինք, ամեն ինչ հոյակապ կլինե՞ր: Ու եվրոպական երկրները շնչահեղձ սպասում են, որ մենք ստեղ չմտնենք, գնանք էնտեղ հանգրվանե՞նք»:

Վ.Բոստանջյանը հարցադրում արեց, թե ի՞նչ կլիներ, եթե ԵՄ հետ համաձայնագիրը ստորագրեինք:

168.am-ի դիտարկմանը, որ մարդկանց մոտ հույս կառաջանար երկրի ապագայի նկատմամբ և արտագաղթը կկրճատվեր, Բոստանջյանը հակադարձեց. «Այսինքն` Եվրոպան կսիրե՞ր մերոնցը, թե՞ չէր սիրի: Արտագաղթը պայմանավորված է մի հանգամանքով` ո՛չ Եվրոպայով, ո՛չ Ռուսաստանով, արտագաղթը պայմանավորված է քո երկրում ապրելու առկայության հնարավորությամբ: Եթե դա չկա, միություններ մի փնտրեք»:

Հարցին` արդյոք ԵԱՏՄ-ին անդամակցությունն առաջընթաց ապահովե՞ց ՀՀ-ի համար, պատգամավորը պատասխանեց. «Ո՛չ առաջընթաց եմ տեսել, ո՛չ հետընթաց»:

Հարցին, թե այդ դեպքում անիմա՞ստ էր ԵԱՏՄ-ին անդամակցելը` Բոստանջյանը, իր իսկ խոսքով, լավություն արեց ու համաձայնեց:

Տեսանյութեր

Լրահոս