«Հստակ կարող ենք ասել՝ սկսված է երկրորդ սառը պատերազմը». Սուրեն Սարգսյան

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հստակ կարող ենք ասել՝ սկսված է երկրորդ սառը պատերազմը։ Առաջինը Սովետական Միության և ԱՄՆ-ի սառը բախումն էր, իսկ հիմա ՌԴ-ի և ԱՄՆ-ի սառը բախումն է, որը բավականին երկար  ժամանակ տևելու է։ Հակառուսական սանկցիաներն ընդամենը դրա սկիզբն են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Ամենակարևորը, ըստ նրա՝ այն է, որ պատժամիջոցները նախաձեռնված են ոչ թե ԱՄՆ գործադիր մարմնի կամ նախագահի կողմից, այլ ԱՄՆ օրենսդիր մարմնի կողմից. «Սա նշանակում է, որ սանկցիաների թուլացումը կամ վերացումը, անպայմանորեն, պետք է տեղի ունենա միայն օրենսդիր մարմնի թույլտվությամբ։ Այս առումով՝ ԱՄՆ նախագահի դերն էապես թուլացել է, ԱՄՆ Կոնգրեսը լուրջ դերակատարում է վերցրել իր ձեռքը, և ըստ էության՝ Թրամփի ձեռքից վերցրել է արտաքին քաղաքական ուղղության ամբողջական սպասարկումը»։

Քաղաքագետը նշեց, որ Հայաստանի վրա այս սանկցիաներն ունենալու են ուղղակի և անուղղակի ազդեցություն. «Անուղղակի ազդեցությունը լինելու է այն, որ ՌԴ տնտեսության անկումը, իհարկե, իր հետևից բերելու է ՀՀ տնտեսության մեջ որոշակի բացասական էֆեկտներ։ Այս սանկցիաներն իրենց միանգամից նկատել չեն տալու, որովհետև այդ շոկային վիճակը, որ առաջին սանկցիաների դեպքում եղավ, այս պահին չկա։ Ուղղակի ազդեցությունն այն է, որ «Սանկցիաների մասին» օրենքում կա մի հոդված, համաձայն որի՝ ցանկացած անձ, անհատ կամ կազմակերպություն, եթե ներդրում է անում ռուսական սեփականություն հանդիսացող գույքի մեջ կամ մասնավորեցնում է այդ գույքը, ընկնում է ամերիկյան սանկցիաների տակ։ Իսկ մենք գիտենք, թե Հայաստանում որքան ռուսական կապիտալով ընկերություններ կան»։

Հետևաբար, նրա խոսքով՝ ոչ մի միջազգային կազմակերպություն չի կարող գալ և ֆինանսական միջոցներ ներդնել այդ ընկերությունների կապիտալում, որովհետև կհայտնվի ԱՄՆ-ի սանկցիաների տակ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս