«Այն փաստը, որ Ալիևը գնում է զիջումների, ինձ այդքան էլ չի ուրախացնում». Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Այն փաստը, որ Ալիևը գնում է զիջումների, ինձ այդքան էլ չի ուրախացնում, որովհետև դրանով մի նոր համագործակցության սկիզբ է դրվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ այդ համագործակցությունը կարող է հանցավոր լինել, որովհետև գերտերություններն իրենց շահն են հետապնդելու, և ստանալով այդ շահը՝ ավելին չեն պահանջելու, բայց նաև ցույց են տալու այն սահմանը, որից այն կողմ Ադրբեջանը կարող է իրեն շատ հանգիստ զգալ.
«Շատ ցավալի է, որ խնդիրն այս աստիճանին հասավ ոչ թե՝ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով, այլ՝ զուտ եվրոպական ժողովրդավարական արժեքները խախտելու քաղաքականության պատճառով։ Այսինքն՝ մենք տեսանք, որ Արևմուտքի համար հիմնական առաջնահերթությունը ոչ թե անվտանգությունն է և խաղաղությունը տարածաշրջանում, այլ իրենց քաղաքական մոդելի գործունեությունը տարբեր երկրներում»։
Միևնույն ժամանակ, քաղաքագետն ընդգծեց՝ այն փաստը, որ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու մեխանիզմներն աշխատում են, մեր դիվանագիտության համար աշխատանքի դաշտ է բացում. «Պետք է հասնել նրան, որ այդ մեխանիզմները կիրառեն Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար»։
Ըստ նրա՝ հիմքեր չկան հուսալու, որ սահմանում իրավիճակը կարող է հանդարտվել. «Ընդհակառակը, մենք տեսնում ենք լարվածության աճ։ Ապրիլին լարվածության գագաթնակետն էր, բայց հիմա էլ հանգիստ չէ դրությունը, որովհետև տեսնում ենք, որ մշտապես միջադեպեր են տեղի ունենում, զորքերի շարժ կա, և ադրբեջանական իշխանությունները չեն դադարում հակահայ հայտարարություններ անել տարբեր հարթակներում»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում