«ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» փաստարկները հիմնավոր և համակողմանի չեն». Սամվել Ֆարմանյան
«Ես ծանոթացել եմ «Ելք» դաշինքի ներկայացրած փաստարկներին: Կարծում եմ, որ մեր ընթացակարգերով նախատեսված ժամկետում խորհրդարանում կդառնա քննարկման առարկա: Ես պատրաստվում եմ այդ թեմայով ելույթ ունենալ: Իմ կարծիքով` փաստարկները հիմնավոր և համակողմանի չեն, բայց թե ինչու հիմնավոր չեն, ես իմ ելույթում կանդրադառնամ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` մեկնաբանելով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին «Ելքի» ներկայացրած նախագիծը:
Ֆարմանյանը խոստացավ իր ելույթում ներկայացնել նաև փաստարկներ, թե ինչո՞ւ ՀՀ-ն պետք է մնա ԵԱՏՄ-ում, կանդրադառնա ԵԱՏՄ-ի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական կողմերին: Ֆարմանյանը նշեց, որ ինտեգրացիոն որևէ գործընթաց, որ տեղի է ունենում, չի կարող չունենալ քաղաքական շահեր. «Սա ինքնին աքսիոմատիկ ճշմարտություն է: Քաղաքականապես կայանալու տեսանկյունից չեք տեսնի որևէ ինտեգրացիոն կառույց, որտեղ տարբեր պետություններ ներառող գործընթացներում չլինեն տարբեր հարցերի շուրջ տարակարծություններ, անգամ ՆԱՏՕ-ում այդպես է, և ողջ եվրոպական մամուլը ողողված է Գերմանիայի և Թուրքիայի միջև լարված հարաբերությունների մասին հրապարակումներով»:
«Ինչպիսի ինտեգրացիոն միավորումներ էլ լինեն, շատ բնական է և այդպես էլ կա, որ անդամ պետությունների միջև ոչ բոլոր հարցերում է լինելու միասնական կարծիք»,- հավելեց Ֆարմանյանը: