Գագիկ Ծառուկյանը՝ Կարեն Կարապետյանի մասին

«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը գոհ է վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարումից: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ևս մեկ անգամ նշեց, որ Կարապետյանն իր ընկերն է:

«Էսօր ընկերն ընկերոջ մասին կարծիք ասելը դա ես կոռեկտ չեմ համարում: Երբ որ մենք իրար հետ հանդիպում ենք, ես ասում եմ բացասականն էլ, դրականն էլ: Այսօր դրականը նկատելի է, որ 25-30 % բանկի տոկոսները դառել են 8-10 %, և այսօր տուրիստների քանակը աճն արդեն 25 % ավելի է: Ինքը կներկայացնի համապատասխան իր տարվա կատարած գործերը, ըստ այդմ էլ մենք կասենք»,- ասաց նա:

Ըստ Ծառուկյանի` անգամ կույր մարդը կարող է տեսնել, որ այսօր ամբողջ աշխարհը խոսում է Հայաստանի սպորտի զարգացման մասին, ցանկացած օլիմպիական խաղերից հայ մարզիկները ոսկե մեդալով են վերադառնում:

Հարցին` Ձեզ համար վարչապետի ընդունելի թեկնածուն Կարեն Կարապետյա՞նն է, թե Սերժ Սարգսյանը, Ծառուկյանը պատասխանեց. «Այսօր այդ խնդիրը տրված է ՀՀԿ-ին, իրենք իրենց կազմով պետք է որոշեն»:

Անձամբ իր ցանկությունների մասին նա նշեց, որ իրեն հնարավորություն չեն տվել.

«Հիմա ինչքան էլ մեծ ցանկություն ունենաս, ուզում ես աստղ դառնաս, եթե էդ հնարավորությունը քեզ չտան… Պետք է ձգտել: Աղջիկ ջան, ձգտում ենք, քարոզել ենք, ամբողջ սահմանամերձ գոտիով ասել ենք: Եթե դուք նկատել եք, Ծառուկյանը միշտ արել է, անելու է, ներդրումներ էլ ենք բերելու, կառուցում ենք մեր երկիրը:

Էսօր ես անձնական շահ չունեմ, մեր շահը ժողորդի կարգավիճակը փոխելն է, հնարավորություն տալը»:

Դիտարկմանը, որ Ծառուկյանը նեղացած է ժողովրդից, բայց ընտրությունները կեղծվել են, պատգամավորը հակադարձեց. «Իմ ժողովրդի ցավը տանեմ, ես սիրում եմ իմ ժողովրդին, իրենց կողքին եմ: Բայց ձայները մեծ մասը ՀՀԿ-ին տվեցին: Ժողովուրդը տվել ա իրա քուչի տղուն, իրա գյուղապետին, մարզպետին: Բայց նրանք խնդիր լուծող չեն, տվեք պահանջեք: Այդպիսի անհիմն հայտարարություններ ես չեմ անի այսօր, որ կեղծվել են»:

Ծառուկյանը հերքեց, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիայի հարց է քննարկվում. «Չի քննարկվել, որ քննարկվի դուք բոլորդ կիմանաք: Ես այս կյանքում ոչ մի բան չեմ բացառում, բայց երբ որ լինի, ես կասեմ: Կարևորը իմ խոսքն ու խոստումը իմ ժողովրդին ես պահել եմ, իմ պարտքը պետք է կատարեմ ժողովրդի առաջ»:

Տեսանյութեր

Լրահոս