Խաղողի մթերումների համար կառավարությունը կսուբսիդավորի ընտրյալներին

«Բոլոր խաղող մթերողների հետ մենք հանդիպել ենք, քննարկել ենք։ Իրենց կողմից հնչեցված կանխատեսումները, որ նախատեսում են մթերել, ավելին են, քան այսօր խաղող կա Հայաստանում, հետևաբար, շատ հնարավոր է, որ խնդիր չլինի, բայց եթե լինի, հասկանանք՝ ինչումն է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ մեկնաբանելով կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, որ մթերողների համար ստեղծվել է 3 տոկոսանոց դրամային վարկային ռեսուրս, որպեսզի մթերումն իրականացվի մաքսիմալ արագ և էֆեկտիվ:

Ըստ նախարարի՝ խաղողի մթերումերի հետ կապված աջակցության ծրագիր է սկսվել, որպեսզի մթերող ընկերությունները կարողանան մթերումների դիմաց պարտքերը գյուղացիներին ժամանակին վճարել։ Առաքելյանի խոսքով՝ շատ ընկերություններ արդեն դիմել են, այս պահին գործընթաց է գնում որոշելու, թե ում են աջակցելու և որքան գումարով։ Նա նշեց, որ նախորդ տարվա պարտքերի մասով մթերողները վստահեցնում են, որ գյուղացիների հետ համաձայնեցված է մարման ժամանակացույցը. «Մենք այստեղ չենք մտնում, որովհետև դա գնորդի և վաճառողի հարաբերություն է»։

Առաքելյանի խոսքով՝ մթերողներին աջակցության համար հատկացվելիք գումարը չի բավարարի ամբողջ բերքի դիմաց վճարումները փակելու համար, քանի որ դա պիլոտային ծրագիր է։

Հարցին՝ խաղողի բերքը նախորդ տարվա համեմատ պակասե՞լ է, նախարարը պատասխանեց, որ պահանջարկն է ավելացել։

 

Տեսանյութեր

Լրահոս