«ՆԱՏՕ-ի զորավարժությունների չմասնակցելու Հայաստանի որոշումը ոչ մի կերպ չի ազդի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա». Ալեքսանդր Իսկանդարյան

«Նման բաներ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում։ Եղել են միջոցառումներ ՆԱՏՕ-ում, որոնց Հայաստանը մասնակցել է, եղել են այնպիսիները, որոնց չի մասնակցել։ Այս զորավարժություններին չմասնակցելու մեջ ոչ մի տարօրինակ բան չկար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել է Երևանում և կախված է նրանից, թե ինչն է ավելի շահավետ համարվել. «Ես կարծում եմ, որ ավելի շատ ռուսական գործոնն է դեր խաղացել, այլ ոչ թե՝ ադրբեջանական։ Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար բավականին կարևոր են, և Հայաստանը հաշվի է առնում Ռուսաստանի տեսակետը։ Լրագրողական լեզվով դա կարելի է անվանել ճնշում, բայց ես դա կանվանեմ քաղաքական ընտրություն»։

168.am-ի հարցին՝ ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի այս որոշումը, նա այսպես պատասխանեց.

«Ե՛վ ՆԱՏՕ-ում են ամեն ինչ շատ լավ հասկանում, և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում.  նորմալ քաղաքական գործընթաց է։ Դա ոչ մի կերպ չի ազդի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա, տարօրինակ կլիներ, եթե ազդեր։ Ես չեմ կարծում, թե դա կարևոր իրադարձություն է, դա «մեդիա-փուչիկ» է»։

Քաղաքագետը չի կարծում, թե Հայաստանի նման քայլերն արվում են այն սկզբունքով, որ Ռուսաստանը դրանց դիմաց պետք է փոխհատուցի.

«Դժվար թե ամեն անգամ նման բան պայմանավորվեն։ Գոյություն ունի Հայաստան- Ռուսաստան համագործակցության ֆորմատ, որն ունի մի քանի ուղղություններ՝ ֆինասական, զենք-զինամթերք ստանալու, քանի որ Հայաստանը ներքին գներով է զենք գնում, և կա քաղաքական անվտանգության ֆորմատ։ Այդ ֆորմատը գոյություն ունի միայն նրա համար, որ կա մշտական փոխգործակցություն, որը Հայաստանի համար շատ կարևոր է, և Հայաստանը փորձում է այնպես դիրքավորվել, որ այդ փոխգործակցությունը շարունակվի։ Բայց պատկերացնել, թե մեր ամեն քայլի համար որևէ բան ենք ստանում, պրիմիտիվ է»։

Տեսանյութեր

Լրահոս