«Արմավիրի և Արագածոտնի մարզերում 45 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք կպաշտանվի կարկուտից». ԱԻ փոխնախարար
«Նախարարության գերական խնդիրների մեջ է և առաջիկա մեկ ամսվա ընթացքում կիրագործվի հակակարկտային հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագիրը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը։
Նա նշեց, որ ԱԻ նախարար Տոնոյանի հանձնարարությամբ՝ ամիսներ առաջ իրականացվել են ուսումնասիրություններ, պատվիրվել է մասնագիտական հետազոտություն ՌԴ առաջատար ընկերություններից մեկին՝ ստեղծել ծրագիր ՀՀ-ում հակակարկտային հրթիռային համակարգ ներդնելու վերաբերյալ։
«Մենք ունենք հետազոտությունը, որի հիման վրա կառավարության որոշմամբ իրականացվում է պիլոտային ծրագիր։ Այդ ծրագրի շրջանակներում արդեն արդիականացվել է Արագածոտնի մարզում տեղակայված ռադիոլոկացիոն կայանը, որը գործում է դեռևս խորհրդային ժամանակներից։ Իրականացվել են հրթիռային ներգործության աշխատանքներում ներգրավվելիք անձնակազմի ուսուցում, համապատասխան հրթիռային պահեստարանները վերանորոգվել և կահավորվել են, Քաղավիացիայի գլխավոր վարչության հետ մշակվել է գործակցության կարգ՝ սահմանելու հրթիռային ներգործության համար քաղավիացիայի կողմից թույլտվությունների տրամադրման կարգը»։
Փոխնախարարը նշեց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Արմավիրի և Արագածոտնի մարզերում կտեղադրվեն հրթիռային երեք կայաններ, որոնք պաշտպանության տակ կառնեն շուրջ 45 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ։
«Հրթիռային պաշտպանության արդյունավետությունը բավականին բարձր է, և պիլոտային ծրագրի հաջող ավարտից հետո հրթիռային պաշտպանություն ստեղծվելու է նաև Հայաստանի մյուս մարզերում։ Խնդիրը ՀՀ նախագահի և վարչապետի անմիջական ուշադրության կենտրոնում է գտնվում»։