««Նաիրիտում» կան նյութեր, թափոններ, որոնք պետք է կամ ոչնչացվեն, կամ հեռացվեն Հայաստանից». Դավիթ Կարապետյան
««Նաիրիտում» բռնկված հրդեհի հետևանքով տուժած ԱԻՆ երեք փրկարարները գերազանց վիճակում են»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը։
«Երեք փրկարարները, ովքեր շատ մոտ տարածությունից էին մասնակցում հրդեհաշիջման աշխատանքներին, նրանց ինքնազգացողությունները վատացել էին, այժմ գերազանց վիճակում են, որևէ խնդիր չկա», -մասնավորապես ասաց նա։
Փոխնախարարի խոսքով՝ «Նաիրիտում» առկա են արտադրական վտանգավոր նյութեր, թափոններ, որոնք պետք է կամ ոչնչացվեն, կամ հեռացվեն Հայաստանից.
«Այնպես չէ, որ այս ուղղությամբ հրդեհից հետո ենք սկսել մտածել, արդեն մի քանի ամիս է՝ նախարար Դավիթ Տոնոյանի ու կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի նախաձեռնությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում էր այդտեղ առկա վտանգավոր նյութերի չեզոքացման հնարավորությունները։ Խնդրի բարդությունն այն է, որ այդտեղ առկա են բազմազան նյութեր՝ քիմիական տարբեր բաղադրությամբ, տարբեր վտանգավորության աստիճանի, պահպանման տարբեր պայմաններ ենթադրող։ Կամ պետք է Հայաստանից դուրս տարվի դա, կամ պետք է ոչնչացվի Հայաստանում։ Բոլոր տարբերակներն էլ իրենց մեջ ռիսկեր են պարունակում, սրա համար նաև որոշակի ֆինանսական միջոցներ են պետք»։
Նա նշեց, որ նախարար Դ. Տոնոյանը Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի ու Եվրամիության հետ համաձայնություն է ձեռք բերել ու Հայաստան են գալու միջազգային փորձագետներ՝ ճանապարհային քարտեզը կազմելու նպատակով, թե ինչ հաջորդականությամբ են արվելու աշխատանքները.
«Նաև որոշակի ֆինանսական ծրագիր պետք է կազմվի, որից հետո մենք այդ գումարների հայթայթմամբ կզբաղվենք»։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ միջազգային փորձագետները երկու ամսվա ընթացքում տալու են առաջարկների փաթեթ: Դավիթ Կարապետյանը նշեց, որ հիմա «Նաիրիտում» հրշեջ-փրկարարները հերթապահություն են անում, անընդհատ հովացման աշխատանքներ են կատարվում.
««Նաիրիտում» պրոֆեսոինալների աշխատանքի շնորհիվ մենք խուսափեցինք շատ մեծ աղետից, փրկարարները ավելի քան 20 ժամ՝ ամեն րոպե, ամեն վայրկյան հովացման աշխատանքերն են կատարել՝ իրենց կյանքը վտանգելով»։