Բաժիններ՝

Լապշինը չի ընդունել իր դեմ ներկայացված մեղադրանքները

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը հրաժարվել է ցուցմունք տալ Բաքվում ընթացող դատական նիստի ժամանակ: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

Դատավոր Ալովսաթ Աբբասովի գլխավորությամբ անցկացվող դատական նիստի ժամանակ Լապշինը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Նա հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել է հարցերին: «Ես չեմ ընդունում իմ մեղքը. ես իրականացրել եմ զբոսաշրջային այցեր: Իմ բլոգում ես կիսվել եմ միայն զբոսաշրջային տպավորություններով, դրանք քաղաքական հրապարակումներ չեն եղել: Ես եղել եմ Ղարաբաղում երկու անգամ և որևէ շփում չեմ ունեցել տեղի պաշտոնատար անձանց հետ»,-ասել է Լապշինը, ում մեղադրյալի աթոռին են նստեցրել ԼՂ այցերի և Ադրբեջանի իշխանությունների դեմ հրապարակումների համար:

Այնուհետև նիստին ցուցմունքներ են տվել վկաները:

Դատական նիստը շարունակվելու է հուլիսի 3-ին:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5-8 տարվա ազատազրկում:

Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Լապշինի կինը՝ Եկատերինան, պարբերաբար իր մտահոգություններն է հայտնում ամուսնու առողջական վիճակի մասին՝ ընդգծելով, որ ադրբեջանական լրատվամիջոցները սխալ տեղեկատվություն են տարածում՝ ասելով, թե նա իրեն նորմալ է զգում: Եկատերինան հայտնել է, որ բանտարկվելուց հետո Լապշինի մոտ սկսվել է տախիկարդիա և նյարդացավ: Բացի այդ, նա ցավեր ունի գոտկատեղի հատվածում և ոտքում, ինչի հետևանքով դժվարությամբ է տեղաշարժվում: Եկատերինան ահազանգել է, որ նման առողջական վիճակ ունեցող մարդուն պետք է լուրջ բուժզննման ուղարկել հիվանդանոց, այլ ոչ թե բուժել մեկուսարանի բուժկետում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս