
Միհրան Պողոսյանն անկեղծացավ ու բացահայտեց իր հարստացման գաղտնիքը

«Ես դրոշակակիր եմ այդ հարցում: Ես կողմ եմ այդ հանձնաժողովի գործունեությանն ու այն մարդկանցից եմ եղել, ովքեր բարձրաձայնել են, որ դրա կարիքն այսօր կա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը` ողջունելով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը և հավաստիացնելով, թե ինքը մտավախություն չունի, որ հանձնաժողովը կբացահայտի պաշտոնատար անձանց հայտարարագրերում տեղ գտած անճշտությունները և այլևս հնարավոր չի լինի բարեկամների անունով գրանցել ունեցվածքը:
Ըստ նրա` հանձնաժողովը մատնացույց կանի նաև իրավական համակարգի բոլոր բացերը: Մ.Պողոսյանը վստահեցրեց, թե իր կարողության հրապարակման հարցում շատ ավելի անկեղծ է, քան կարծում են:
Մ. Պողոսյանն անգամ անկեղծացավ ու բացահայտեց իր հարստացման գաղտնիքը.
«Գոյություն ունի բիզնես կառավարելու ունակություն, որն աշխարհում մարդկանց 3 %-ն ունի: Ես 16 տարեկանից աշխատել եմ և 20-ում հիմնել եմ «Քեթրին» կազմակերպությունը, երբ եղել եմ 2-րդ կուրսի ուսանող: 2-րդ կուրսի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողը սկսել է հաց արտադրել և այլն, և այլն»: