«Ընտրություններից հետո սկսվեց հաշվեհարդարն անցած տարվա չհնազանդվողների նկատմամբ». Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների դեմ կատարված ոտնձգությունը ՀՀ պատմության մեջ աննախադեպ երևույթ էր: Շուրջ մի տարի է անցել «Սասնա ծռերի» ապստամբության փորձից, բայց մինչ օրս նրանց նկատմամբ բռնություն չէր կիրառվել: Իսկ պատճառը, բանախոսի կարծիքով, այն էր, որ նրանք հանրության կողմից բավական մեծ աջակցություն ունեին, և իշխանությունն էլ իրեն այդքան վստահ չէր զգում:
Իշխանյանի համոզմամբ՝ ամեն ինչ փոխվեց ընտրություններից հետո: Երբ ապրիլի 2-ին, մայիսի 14-ին կայացած ընտրություններից հետո ստացված պատկերի արդյունքում չեղավ քաղաքական բողոք, բոլոր քաղաքական ուժերն ընդունեցին արդյունքները, իշխանությունններն իրենց ավելի ինքնավստահ զգացին, և սկսվեց հաշվեհարդարն անցած տարվա չհնազանդվողների նկատմամբ: Ընտրություններից հետո մեղադրանքները խստացվեցին, հոդվածներին ավելացան ևս մի քանիսը:
«Գևորգ Սաֆարյանին, որն արդեն դատապարտված էր մեկ տարվա ազատազրկման, նոր հոդվածով մեղադրանք առաջադրվեց: Արարատ Խանդոյանին, որը մեղադրվել էր զանգվածային անկարգությունների համար, ինչը իրականում զրոյական էր, տրվեց 3,5 տարի: Շանթ Հարությունյանի տղա Շահեն Հարությունյանի նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Իսկ պատժի մասին խոսելը նա պարզապես ծիծաղելի է համարում, քանի որ այդ նույն ձեռքն է և՛ նշանակում, և՛ հրահանգում Ոստիկանությանը, Հատուկ քննչականին, Դատախազությանը, դատարաններին: «Շատ եմ ուզում սխալվել, բայց իմ կարծիքով՝ որևէ պատիժ չի լինելու»:
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ այսպիսի ծեծը մի քանի հոգու նկատմամբ չէր կարող լինել Ոստիկանության կողմից ինքնագործունեություն, քանի որ Հայաստանում ոչ մի պաշտոնյա ինքնագործունեությամբ չի զբաղվում, հետևաբար՝ սա հրահանգավորված էր:
«Նույնիսկ ստալինյան շրջանում, երբ քաղաքական դատավարություններ էին գնում, դատարանի շենքում մարդկանց չէին ծեծում: Ես հեռու եմ մնացել ստալինյան ժամանակաշրջանի հետ համեմատությունից, բայց կարծես թե հիմա մենք գնում ենք այդ ուղղությամբ»,- ասաց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ էր տեղի ունեցել «Սասնա ծռեր» խմբի անդամների և ոստիկանների միջև, ինչից հետո ուղեկցող ոստիկանները բռնի ուժով խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանին, Արեգ Կյուրեղյանին և Մխիթար Ավետիսյանին դուրս էին հանել դահլիճից: Փաստաբանների պնդմամբ՝ ոստիկանների կողմից ծեծն արդեն շարունակվել է դատարանի նկուղում, որտեղ ծեծի է ենթարկվել նաև Արայիկ Խանդոյանը:
Անի Թորոսյան