Բաժիններ՝

Ավազակային հարձակում Երևանում. դանակով սպառնացել են սուպերմարկետի գանձապահին, հափշտակել 600 հազար դրամ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի սուպերմարկետներից մեկի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 30-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքում գործող սուպերմարկետներից մեկում, դանակով գանձապահի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, դրամարկղից հափշտակել է խոշոր չափի կանխիկ գումար՝ 600 հազար դրամ, ապա՝ դիմել փախուստի: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ավազակային հարձակման հանգամանքները, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս