Բաժիններ՝

«Երևանում առանձին օրերին ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի». Գագիկ Սուրենյան

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում հուլիս ամսվա ողջ ընթացքում օդի միջին ջերմաստիճանը 2-3 աստիճանով կլիմայական նորմայից բարձր է լինելու:

Հուլիս ամսվա ընթացքում օդի ջերմաստիճանի կանխատեսումներն այսպիսին են.

Արարատում, Արմավիրում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ցերեկային ժամերին ջերմաստիճանն առանձին օրերին արևադարձային տաք օդային հոսանքների ներխուժման ժամանակ կհասնի մինչև +39…+41 աստիճանի: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում առանձին օրերին արևադարձային տաք օդային հոսանքների ներխուժման ժամանակ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +32…+35 աստիճանի: Գյումրիում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 37 աստիճանի:

Լոռու մարզում առավելագույն ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 32-36 աստիճանի: Տավուշի մարզում առանձին օրերին կանխատեսվում է ջերմաստիճանի բարձրացում մինչև +36…+39 աստիճան: Սյունիքի մարզի հովտային գոտիներում կանխատեսվում է +39…+41 աստիճան ջերմաստիճանի բարձրացում, նախալեռնային շրջաններում՝ +30…+34 աստիճան:

Երևանում առանձին օրերին տաք օդային ալիքների ժամանակ ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի:

Գագիկ Սուրենյանը նաև ներկայացրեց պատմական ռեկորդների տվյալները.

2011 թվականին Մեղրիում գրանցվել է +43.7 աստիճան տաքություն:  1986 թվականին Արտաշատում՝ +42.6 աստիճան: 2011 թվականին Երևանում ջերմաստիճանը հասել է մինչև +42 աստիճան:  Լեռնային շրջաններից ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է  2011թվականին Գյումրիում՝ մինչև +38 աստիճան:

«Այս տարի բավականին շոգ է լինելու, քանի որ հայաստանյան շոգ եղանակները ձևավորող օդերևութաբանական երևույթը ջերմային ցիկլոնն է, իսկ դա ձևավորվում է Արաբական թերակղզում, կենտրոնը գտնվում է Պարսից ծոցի հյուսիսային մասում: Սրա ձևավորման պատճառները հունիս-օգոստոս ամիսներին Արաբական թերակղզում նկատվող խիստ բարձր ջերմաստիճաններն են: Առանձին օրերին այստեղ ջերմաստիճանը հասնում է +50…+55 աստիճանի: Բարձր ջերմաստիճանների պատճառով օդի ճնշումը նվազում է, և ձևավորվում է ցածր ճնշման գոտի, որը կոչվում է ջերմային ցիկլոն: Արաբական թերակղզուց ՀՀ մղվում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում նկատվում է բավականին բարձր ջերմային ֆոն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գագիկ Սուրենյանը:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս