Աշխարհի մեծահարուստ հայուհու ստեղծած ապարանջանի վաճառքի գումարը կտրամադրվի հայ անապահով ընտանիքներին

Աշխարհի մեծահարուստ հայուհու՝ ամերիկյան Ani&Alex ոսկերչական բրենդի հիմնադիր Կարոլին Ռաֆայելյանի ստեղծած ապարանջանի վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է սոցիալական ծանր պայմաններում ապրող հայ ընտանիքներին: Այդ մասին տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից։ Ապարանջանը կոչվում է #KeepThePromise։

«Կրելով ապարանջանը՝ կրում ենք նաև պատասխանատվություն և օգնում կարիքավոր բազում ընտանիքների», -նշում են հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, ապարանջանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Alex and Ani ամերիկյան ընկերության համագործակցության արդյունք է:

Նշենք, որ Կարոլին Ռաֆայելյանը ծնվել է 1966թ. ԱՄՆ-ում Արևմտյան Հայաստանից հեռացած հայ փախստականների ընտանիքում:

Կարոլինի ծնվելու տարին նրա հայրը հիմնել է ոսկերչական ընկերություն ու երկար տարիներ հաջողությամբ զարգացրել բիզնեսը:

Դպրոցն ավարտելուց հետո Կարոլինն ընդունվել է Լոս Անջելեսի լավագույն քոլեջներից մեկը (The American College) և այն ավարտելուց հետո լրջորեն զբաղվել հոր բիզնեսի զարգացմամբ:

Կարոլինը քրոջ՝ Ռեբեկայի հետ սկսում է նոր զարդեր մշակել ու կարճ ժամանակում ավելացնում է վաճառքի ծավալը:

Հաջող մեկնարկից հետո 2004թ. նա որոշում է ստեղծել սեփական ոսկերչական ընկերությունը և այն անվանում իր աղջիկների անուններով՝ Alex&Ani:

Կարոլին Ռաֆայելյանը ստեղծել է եզակի, սակայն ոչ թանկ զարդեր կենդանակերպի նշաններով, որոնք դարձան նրա բրենդի հիմքը: Արդեն 2010թ. ընկերության զուտ եկամուտը կազմել է 2 մլն դոլար:

2012թ. Alex&Ani ընկերությունը այնքան հայտնի դարձավ ԱՄՆ-ում, որ ամերիկյան խոշորագույն աուդիտորական-խորհրդատվական Ernst & Young ընկերությունը Ռաֆայելյանին անվանեց փոքր բիզնեսի ոլորտում «տարվա գործարար»:

2015թ. Կարոլիզի բիզնեսը փոքրից վերածվեց մեծի: Դրա տարեկան եկամուտն արդեն կազմում էր 230 մլն դոլար: Նա բացեց ավելի քան 70 սեփական խանութ ողջ երկրում:

2016թ. Forbes ամսագիրը նրան ներառեց ինքնուրույն հարստացած կանանց վարկանշային աղյուսակում: Նա զբաղեցրեց 22-րդ հորիզոնականը 700 մլն դոլար կարողությամբ, իսկ նրա ընկերության կապիտալիզացիան Forbes ընկերությունը գնահատեց 1 մլրդ դոլար:

Կարոլին Ռաֆայելյանն ակտիվ բարեգործ է: Նա տարբեր ծրագրերի համար հատկացրել է ավելի քան 30 մլն դոլար: Այդ գումարների մի մասը նա նվիրաբերել է «Հայաստան» հիմնադրամին:

2015-ից նրա Alex&Ani ընկերությունն սկսել է վաճառել CAMP HAIASTAN թևնոցները, որոնց վաճառքից առաջացած եկամուտն ուղղվում է ԱՄՆ-ում հայ երեխաների համար կրթական ճամբարների կազմակերպմանը:

Տեսանյութեր

Լրահոս