
Sony-ն վերսկսում է վինիլային ձայնապնակների արտադրությունը

Ճապոնիայի Sony Corp. ընկերությունը հայտարարել է գրեթե 30-ամյա ընդմիջումից հետո վինիլային ձայնապնակների արտադրության վերսկսման պլանների մասին: Կիոդո գործակալության տվյալներով, որը վկայակոչում է ընկերության ներկայացուցիչներին, գրամոֆոնային սկավառակների զանգվածային արտադրությունը պետք է սկսվի արդեն ընթացիկ ֆինանսական տարում (սկսվել է 2017 թվականի ապրիլի 1-ին)։
Գործակալության տվյալներով՝ ճապոնական ընկերության ստորաբաժանումը՝ Sony Music Entertainment Japan-ը, վերջերս մայրաքաղաքի տարածաշրջանի կենտրոնակաման մասում գտնվող գործարանը սարքավորել է հատուկ մամլակաղապարով վինիլային ձայնապնակների ձուլման համար:
Ընկերությունն իր որոշումը բացատրում է վերջին տասնամյակում շուկայում դիտվող գրամոֆոնային սկավառակների մեծ պահանջարկով: Այսպես, օրինակ, 2016 թվականին Ճապոնիայում պատրաստվել է գրեթե 800 հազար վինիլային ձայնապնակ, մինչդեռ 2010 թվականին՝ շուրջ 105 հազար:
Sony Corp.-ը վինիլային ձայնապնակներ էր թողարկում ընդհուպ մինչեւ 1989 թվականը, երբ ձայնագրության ինդուստրիայում ընդհանուր ճանաչում գտան CD-սկավառակները: Այդ ժամանակվանից ի վեր Ճապոնիայում գրամոֆոնային սկավառակների արտադրությամբ զբաղվել է սոսկ մեկ ընկերություն՝ Toyokasei Co.-ն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: