Բաժիններ՝

Հայ երեխաների ամենահամարձակ և հետաքրքիր գաղափարները՝ TEDxKids-ի բեմում

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացել է TEDxKids@Yerevan 6-րդ միջոցառումը: Միջոցառումն անցնում էր «Ապագան ասելիք ունի» խորագրով, որին մասնակցում էին ավելի քան 300 երեխա Երևանից և մարզերից:

12-16 տարեկան բանախոսները խոսեցին սեփական կարծիքի և այն արտահայտելու կարևորության, տեսախաղերի ուսուցողական հատկությունների, Սևանի աղտոտվածության և այդ խնդիրը լուծելու առաջարկների մասին, ելույթներ կային նաև տան միակ երեխաների, Հայաստանում գիտնական դառնալ ցանկացողների և դժվարությունների մասին: Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ ապագայի 22 հերոսներ խոսեցին ամենահամարձակ ու ամենահետաքրքիր գաղափարների մասին: Երեխաները բարձրաձայնում էին այնպիսի խնդիրներից, որոնց մասին անգամ մեծերն են անվստահ խոսում:

Վարդուհին պատմեց, թե ինչպես ինքը և իր դասարանցիները որոշեցին գումար հավաքել և վերանորոգել իրենց դասասենյակը՝ առանց որևէ մեծահասակի օգնության: Աննան խոսում էր այն մասին, որ դպրոցում ու բակում երեխաներին շատ հաճախ ծաղրում են իրենց առանձնահատկությունների ու յուրահատկությունների համար, որովհետև դրանք իրենց առանձնացնում են անդեմ ամբոխից: Աննան փորձում էր իր հասակակիցներին օգնել ազատվել ծաղրանքից և դրա վատ հետևանքներից:

Երեխաների ընտրած թեմաները բազմազան էին, գլոբալ խնդիրներից՝ մինչև շատ անձնական և ընտանեկան խնդիրներ: Երեխաներն անկեղծ պատմում էին, թե ինչ գաղտնիքներ ունեն ծնողներից, ինչպես են պատկերացնում դպրոցականների առօրյան 50-100 տարի հետո: Միջոցառման մասնակից Ռուբինան խոսեց հայ-թուրքական թշնամանքի մասին: Հնարավորություն ունենալով շփվելու թուրքերի հետ՝ Ռուբինան բացահայտում է հասարակ մարդկային շփումը հայերի և թուրքերի միջև:

Հիշեցնենք, որ TEDx-ը տեղական, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է, որն առաջնորդվում է «Գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: TEDx միջոցառումների ընթացքում կենդանի ելույթ ունեցող բանախոսների և TEDTalks տեսանյութերի ցուցադրման համադրումն ունկնդիրների միջև իմաստալից քննարկման և կապի առիթ է ստեղծում: TED կոնֆերանսներն ընդհանուր ուղղություն են տրամադրում TEDx ծրագրին, սակայն վերջիններս անկախ հիմունքներով են կազմակերպվում, որը ենթակա է որոշակի կանոնակարգման:

Բազմաթիվ հայ երեխաներ՝ իրենց TEDx ելույթների շնորհիվ, նկատվել են համաշխարհային ճանաչում ունեցող բուհերի և մրցույթների կողմից: Նշենք, որ TEDxKids@Yerevan 2017-ը հնարավոր է դարձել Վորլդ Վիժն Հայաստանի և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության շնորհիվ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս