«Շուկան է որոշում գինը». գյուղնախարարը՝ ծիրանի մթերման մասին

Գործում են շուկայական հարաբերություններ, և շուկան է որոշում ապրանքի գինը։ Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ խոսելով ծիրանի գնի մթերման վերաբերյալ առկա բողոքների մասին։

«Կան մի քանի ընկերություններ, որոնք արտահանում են, և կան բազմաթիվ տնտեսություններ, որոնք ծիրան են արտադրում։ Այսօր շուկան է որոշում գինը։ Մենք չենք կարող կոորդինացնել այդ գինը, իսկ այլ բողոքների պայմաններում կան այլ գերատեսչություններ, որտեղ կարելի է դիմել, եթե կա որևէ օրենքի հստակ խախտում»,- ասաց Իգնատի Առաքելյանը։

Դիտարկմանը, որ դժգոհություններ կան, թե ընկերությունները համաձայնության արդյունքում արհեստականորեն գցում են գինը, գյուղատնտեսության նախարարն արձագանքեց՝ ասելով, որ դրա համար գոյություն ունի Հակամրցակցային կոմիտե։

«Կոմիտեն է հաստատում, թե որ ընկերությունն է համարվում գերիշխող դիրք ունեցող։ Դա իրենց գործառույթն է։ Իմ կարծիքով՝ շուկայում անցյալ տարի նույնն է եղել՝ գինը բարձրից նվազել է։ Երբ բերքը շատ է, գինը պետք է իջնի։ Ես չեմ կարծում՝ բերքը քիչ լիներ, գինն այդքան կնվազեր՝ մեկ։ Երկրորդը՝ բնակլիմայական միջամտություն ունեցանք, որովհետև սեզոնն ուշ եկավ, և մենք ընկանք էժան ժամանակահատված, երբ մեր հիմնական շուկայում արդեն գինը ցածր է։ Ամեն ինչը բացատրելի է։ Մնացածը՝ գերիշխո՞ղ են, թե՞ ոչ, պայմանավորվո՞ւմ են, թե՞ չեն պայմանավորվում, արդեն կարող են դիմել համապատասխան կառույցներին»։

Տեսանյութեր

Լրահոս