
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անցած տարի ծախսել է 360 մլրդ դրամ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անցած տարի իրականացրել է 97 ծրագրեր` օգտագործելով 360 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 95.9%: Այս մասին այսօր ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը թվարկեց գերատեսչության իրականացրած աշխատանքներն ու ծրագրերը: Ըստ նրա` գումարների մեծ մասը սոցիալական տրանսֆերտներն են, որոնք տրամադրվել են 1 մլն 200 հազար քաղաքացու: Նա նշեց, որ 2016 թ. ընթացքում աշխատանքի զբաղվածության ծրագրերում ընդգրկված 13470 անձ աշխատանք է ձեռք բերել, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 17%-ով, բարձրացվել են Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների պարգևավճարները, 8000-ից ավելի քաղաքացի օգտվել է ԽՍՀՄ խնայբանկում դրված ավանդների վերադարձի ծրագրից` տարեցները, ազատամարտիկները և սահմանամերձ գոտու բնակիչները:
«Ներկայումս հաշվառված բոլոր անձինք իրենց ավանդների գումաները կստանան, և մենք կկարողանանք շարունակականություն ապահովել, և մեր քաղաքացիները երկար սպասելուց զերծ կմնան»,- ասաց Ա.Ասատրյանը: