Էրդողանը պաշտոնապես դիմել է Գերմանիային ելույթ ունենալու խնդրանքով
Համբուրգում կայանալիք G-20 գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիա այցելել պատրաստվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես դիմել է տեղի իշխանություններին՝ միջոցառում կազմակերպելու և այդտեղ ելույթ ունենալու հարցով: Ինչպես թուրքական «Հուրիեթ»-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը:
«Երեկ Թուրքիայից ստացանք պաշտոնական մի դիմում, որում նշվում էր, թե թուրքական պետության նախագահ Էրդողանը G-20 գագաթնաժողովի շրջանակում ցանկանում է խոսել իր երկրի քաղաքացիների հետ: Սակայն հաշվի առնելով երկու երկրի միջև հարաբերություններում առկա լարվածությունը, Էրդողանի ելույթը հանրության համար նպատակահարմար չի լինի»,- ասել է նա:
Էրդողանը նախատեսում է հուլիսի 7-8-ը մասնակցել գերմանական Համբուրգ քաղաքում կազմակերպվելիք G-20 երկրների գագաթնաժողովին: Դրանից հետո նա ծրագրել էր հանդիպել իր կողմնակիցների հետ, սակայն տարբեր սրահներ, որտեղ հանդիպում կազմակերպելու համար դիմում է ներկայացվել, մերժել են նրան:
Դորտմունդ քաղաքում գտնվող Westfalenhallen համալիրի կազմակերպիչները հայտնել են, որ սրահը չեն կարող տրամադրել, քանի որ այն արդեն ամրագրված է մեկ այլ միջոցառման համար:
Գերմանիայի մեկ այլ՝ Օբերհաուզեն քաղաքում գտնվող König-Pilsner-Arena համալիրը ևս մերժել է Էրդողանի միջոցառումն անցկացնելու դիմումը: Սրահի ղեկավարությունից հայտնել են, որ ամռանը König-Pilsner-Arena-ում իրականացվող վերանորոգման աշխատանքների հետևանքով իրենք չեն կարող սրահը տրամադրել միջոցառման անցկացման համար:
Իր մեծ սրահը Էրդողանին տրամադրել հրաժարվել է նաև Քյոլնի Lanxess Arena-ն: Սրահի տնօրեն Շտեֆան Լյոհերը պարբերականի հետ զրույցում հաստատել է, որ թուրքական կողմը նման ցանկությամբ դիմել է իրենց: «Այս պահին Էրդողանի համար առանձնացնելիք տեղ չունենք»,- ասել է նա:
Իսկ Դյուսելդորֆի ISS-Dome արենայի խոսնակ Յուլիա Կաբալոն տեղեկացրել է, որ Թուրքիայից հուլիսի 9-ի համար ամրագրման դիմում են ստացել, սակայն չեն հաստատել՝ արենայում իրականացվող աշխատանքների պատճառով: