Բաժիններ՝

Brexit-ը կարող է 20 մլրդ եվրոյի չափով վնաս հասցնել ԵՄ-ի բյուջեին. Guardian

Թվային տնտեսության եւ հասարակության հարցերով եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը հայտարարել է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է 20 մլրդ եվրոյի չափով վնաս հասցնել ԵՄ-ի բյուջեին, եւ այն անհրաժեշտ է լրացնել լրացուցիչ հարկերի հաշվին:

Այդ մասին հունիսի 29-ին գրում է The Guardian թերթը։ Եվրամիությունը լքող Մեծ Բրիտանիան «ԵՄ-ի անդամ այն երկիրն էր, որն ավելի շատ էր ներդնում ընդհանուր բյուջեում, քան ստանում էր, չնայած միջոցների մասնակի վերադարձման շուրջ երկրի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը, ուստի մեր դեֆիցիտը տարեկան կկազմի 10-11 մլրդ եվրո», հրատարակությունը մեջբերում է Էթինգերի խոսքը:

Հաշվի առնելով Եվրամիության կողմից նոր նախաձեռնությունների ֆինանսավորման անհրաժեշտությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանությունը եւ անվտանգությունը, «ընդհանուր դեֆիցիտը կարող է կրկնակի մեծ լինել», կարծում է եվրակոմիսարը:

Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները պաշտոնապես մեկնարկել են հունիսի 19-ին եւ պետք է շարունակվեն մինչեւ հաջորդ տարվա նոյեմբեր, ինչից հետո ազգային խորհրդարանները ժամանակ կունենան դրանց վավերացման համար: Ենթադրվում է, որ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության դադարեցման ամսաթիվը կլինի 2019 թվականի մարտի 29-ը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս