
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը բանակցություններ կվարի Մոսկվայում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթի հետ, որը Մոսկվայում կգտնվի աշխատանքային այցով: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հուլիսի 4-6-ը աշխատանքային այցով Մոսկվայում է գտնվելու ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար պարոն Աբու ալ Գեյթը,-տեղեկացրել է դիվանագետը:-Հուլիսի 5-ին պլանավորված են նրա ընդլայնված կոնսուլտացիաները ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ»:
Զախարովայի խոսքով՝ Մոսկվայի եւ ԱՊԼ-ի միջեւ քաղաքական շփումները կայուն, կանոնավոր բնույթ են կրում: «Դա թույլ է տալիս կառուցողական գործընկերային ոգով կարծիքներ փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ»,-նշել է նա:
«Առաջիկա կոնսուլտացիաների ընթացքում ծրագրվում է հանգամանորեն քննարկել Սիրիայի, Իրաքի, Լիբիայի, Եմենի իրադրությունը, Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամը, պաղեստինա-իսրայելական կարգավորման խնդիրները»,-հայտնել է դիվանագետը:
«Քննարկվելու են նաեւ տնտեսական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում Ռուսաստանի եւ ԱՊԼ-ի միջեւ համագործակցության հետագա զարգացման հարցերը»,-հավելել է Զախարովան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: