Կարեն Կարապետյանն աղբանոցների վերաբերյալ հանձնարարականներ տվեց

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր գործադիրի նիստի ընթացքում հանձարարականներ տվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքի վերաբերյալ:

Նա նշեց, որ հանրապետության տարածքում փակվել է 1480 աղբանոց, սանիտարական մաքրման աշխատանքները 126 համայնքներում պատվիրակվել են 39 մասնավոր ընկերությունների:

«Նշված և ծրագրի շրջանակներում նախատեսված այլ գործողությունների իրականացման շարունակականության ապահովման նպատակով հանձնարարում եմ՝ առաջինը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարին և ՀՀ մարզպետներին երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորման և պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթը, ինչպես նաև աղբավայրերի արտոնագրման չափանիշերը:

Երկրորդը՝ ապահովել հուլիսի 29-ին երկրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը: Երրորդը՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը ձեռնարկել միջոցներ ներկայումս առկա 549 աղբանոցների թիվը կրկնակի կրճատելու ուղղությամբ: Չորրորդը՝ ըստ կառավարության 2017թ. միջոցառումների ծրագրով հաստատված ժամկետների՝ կառավարության աշխատակազմ ներկայացնել Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի՝ կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգերը»,- ասաց նա:

Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվեց, թե ինչ ընթացքում է օրենսդրական նախաձեռնությունը, որով ցանկանում են համապատասխան ծառայություններ և տուգանքներ կիրառել: Ի պատասխան՝ Դավիթ Լոքյանն ասաց, որ նախարարությունում ավարտվել են օրենքի պատրաստման աշխատանքները, առաջիկայում կքննարկվեն խնդիրները, ամենաուշն օգոստոսի առաջին տասնօրյակում կառավարությունը կընդունի օրենքը, որպեսզի այն սեպտեմբերին ներկայացվի Ազգային ժողով:

Տեսանյութեր

Լրահոս