
ԱՄՆ-ը այցագրերի տրման նոր պահանջներ է սահմանել մուսուլմանական վեց երկրների և փախստականների համար

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը սահմանել է մուսուլմանական վեց պետությունների բնակիչներին եւ փախստականներին այցագրեր տալու նոր պահանջներ՝ Գերագույն դատարանի որոշման լույսով, որը մասնակիորեն վերականգնել է նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային հրամանագրի գործողությունը: Հունիսի 28-ին այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։
Գործակալության լրագրողներին հայտնի են դարձել այն ուղերձները, որոնք Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչություններ են ուղարկվել ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունից: Փաստաթղթերից հետեւում Է, որ ամերիկյան այցագրեր ստանալու համար փախստականները եւ Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի եւ Եմենի քաղաքացիները պետք է ապացուցեն, որ իրենք մերձավոր հարազատներ ունեն ԱՄՆ-ում կամ գործարար կապեր երկրի հետ: Կանոններն ուժի մեջ են մտնում մեկ օրվա ընթացքում, արդեն տրված այցագրերն անվավեր չեն ճանաչվի:
AP-ն նշում է, որ պահանջների սահմանումն ԱՄՆ-ի Գերագույն դատարանի վերջերս կայացրած վճռի արդյունքն է, որի համաձայն մասնակիորեն վերականգնվել է Թրամփի ներգաղային հրամանագրի գործողությունը՝ վեց մահմեդական պետությունների քաղաքացիներին երկիր մուտքի այցագիր տալու մերժման մասին: Դատարանը որոշել է, որ ԱՄՆ ուղեւորությունների արգելքը տարածվում է այդ երկրների քաղաքացիների վրա, եթե նրանք ԱՄՆ-ի հետ հաստատուն կապեր չունեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP