«Կառավարության կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը». Սերժ Սարգսյան

«Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը»,- այս մասին այսօր կառավարությունում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Առաջին հերթին, իհարկե, շնորհավորում եմ բոլորիդ Ձեր պաշտոններում նշանակվելու, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ հիմնականում վերանշանակվելու առթիվ:

Այսպիսով ապահովվել է գործադիրի աշխատանքի շարունակականությունը, և կան բոլոր հնարավորությունները նախկինում սկսած ծրագրերը հաջողությամբ ավարտին հասցնելու համար: Երևանի քաղաքապետի պաշտոնամուտի առթիվ իմ խոսքում ընդգծել էի, որ մայրաքաղաքի ավագանու ընտրություններով մենք ավարտեցինք 2017թ. ընտրական շրջանը: Կառավարության ծրագրի հաստատմամբ կարող ենք ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը: Մեր խնդիրն է այդ շրջափուլն անկցացնել արդյունավետ և հնարավորինս անցնցում:

Անցած ընտրություններում Հանրապետականը ստացավ անհրաժեշտ վստահության քվեն իր աշխատանքը շարունակելու համար: Մեր ստացած մանդատը բավարար էր միայն հանրապետականի ուժերով կառավարություն ձևավորելու համար, սակայն մենք որոշեցինք շարունակել նախկինում ստեղծված ձևաչափով համագործակցությունը:

Հայ հեղափոխական դաշնակցության մեր գործընկերների հետ միասին մենք ձևավորել ենք մի կառավարություն, որը, վստահ եմ, ունակ է լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները: Այժմ մենք շարունակելու ենք միասնական և կուռ թիմով հետևողականորեն իրականացնել արդեն նախանշված ծրագրերը: Թիմը միասնական է գործելու ինչպես գործադիրում և օրենսդիրում, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններում:

Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը: Միևնույն ժամանակ ընդգծեմ, որ ես՝ որպես Հանրապետության նախագահ և Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար, ինչպես նաև դուք բոլորդ, վստահ եմ, չունենք որևէ նախապաշարում:

Մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր կառուցողական ուժերի հետ՝ գործադիր և օրենսդիր իշխանությունների շրջանակներում, տեղական ինքնակառավարման մարմիններում և անգամ նշված կառույցներից դուրս: Նման համագործակցության համար մեր կողմից միակ նախապայմանն է քաղաքավարության և բարեկրության նորմերի պահպանումը: Ընդ որում, ընդգծեմ, որ քննադատությունը նշածս նորմերի խախտում չենք համարում, հատկապես եթե այն կառուցողական է և նպատակ ունի բարելավվելու իրավիճակը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նա նշեց, որ մայիսի 18-ին խորհրդարանի և մեր ժողովրդին հղած ուղերձում մանրամասն ներկայացրել է երկրի զարգացման իր տեսլականը կարճաժակետ, միջնաժամկետ և երկերաժամկետ խնդիրները, սահմանվել են մի շարք կարևոր թիրախներ, որոնք արտացոլել են կառավարության՝ արդեն հաստատված ծրագրում.

«Պետք է լինենք պահանջկոտ և չբավարարվենք ձեռք բերածով, հակառակ պարագայում հեռուն չենք գնա»:

Սերժ Սարգսյանն ասաց, որ այժմ գտնվում ենք Սահմանադրության վերափոխման անցումայի շրջանում, իսկ դա նշանակում է, որ մինչև մյուս տարվա ապրիլի կեսը պետք է կատարենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ, այդ աշխատանքը հաջողությամբ առաջ տանելու համար անհրաժեշտ է գործել նպատակասլաց և սերտորեն համադրել կառավարության ու Ազգային ժողովի քայլերը:

Տեսանյութեր

Լրահոս