
«Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել է, արդյունքների մասին կխոսենք հաջորդ տարի». Շավարշ Քոչարյան

«Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել է: Արդյունքների մասին կխոսենք հաջորդ տարի»,- այսօր ԱԺ-ում 2016թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին, որ՝ նկատի ունենալով Հայաստան-ԵՄ ասոցացման հանաձայնագրի տխուր փորձը, հնարավո՞ր է այս փաստաթուղթն էլ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի ճակատագրին արժանանա:
ԱԺ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սամվել Ֆարմանյանի կարծիքով` Ասոցացման և շրջանակային համաձայնագրերը համեմատելի չեն, քանի որ Ասոցացման համաձայնագիրն իր մեջ ներառում էր առևտրային ռեժիմներ, որոնք հակասում էին ԵԱՏՄ պարտավորություններին:
«Նախաստորագրված փաստաթուղթը որևէ հակասություն չունի մեր որևէ այլ միջազգային պարտավորությունների հետ»,- ասաց Ֆարմանյանը` նշելով, որ նոր համաձայնագիրը ԵՄ-ի հետ համագործակցության խորը և համապարփակ հիմք է ստեղծում: