
Պուտինը Դումայի վավերացմանն է ներկայացրել ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական դումայի վավերացմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագրի վավերացման մասին» օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պետդումայի լրատվական ծառայությունը:
2016թ-ի նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը սահմանում է Միացյալ զորախմբի ձևավորման և կիրառման կարգը: Կարգավորվում են նաև նյութատեխնիկական ապահովմանն ու տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցերը:
«Զորախումբը ձևավորվում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում՝ նպատակ ունենալով ժամանակին հայտնաբերել ռազմական հարձակման նախապատրաստությունը, իրականացնել ընդհանուր ցամաքային սահմանի վերահսկողությունը, ինչպես նաև մասնակցելու հակաօդային, ռադիոէլեկտրոնային և տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանությանը»,- ասված է Պետական դումայի տարածած հաղորդագրության մեջ:
Միացյալ զորախմբի կազմը սահմանելու են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունները՝ հիմնվելով ռազմաքաղաքական իրավիճակի համատեղ վերլուծության, հնարավոր սպառնալիքների ուղղությունների հաշվի առնելու և զորախմբի կիրառման հարցում համաձայնության վրա:
Համաձայնագիրը ստորագրված է հինգ տարով՝ նույն ժամկետով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ: