Բաժիններ՝

Դոնբասում պայթեցվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների փոխադրող ավտոմեքենան

Դոնեցկի մարզում պայթեցվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) աշխատակիցների փոխադրող ավտոմեքենան, ինչի հետեւանքով գերատեսչության աշխատակիցներից մեկը զոհվել է, եւս չորսը՝ վիրավորվել: Այդ մասին հայտնել է ՈւԱԾ-ի մամուլի քարտուղար Ելենա Գիտլյանսկայան BBC-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ հարձակումը որակված է որպես ահաբեկչական գործողություն։

Ըստ «Ուկրաինսկայա պրավդա»-ի հաղորդման, հարձակումը տեղի է ունեցել Դոնեցկի մարզի Կոստանտինովյան շրջանում: Տուժածների թվում են հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցներ:

Դատելով վնասվածքների բնույթից՝ խոսքը վերաբերում է պայթուցիկ սարքի կիրառմանը, ճշտում է հրատարակությունը: Գործը վարում է Ուկրաինայի զինվորական դատախազությունը:

Հունիսի 27-ին Կիեւում պայթեցվել է այն ավտոմեքենան, որում գտնվում էր Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչության աշխատակից գնդապետ Մաքսիմ Շապովալը: Նա զոհվել է: Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունն այդ պայթյունը նույնպես որակել էր ահաբեկչական գործողություն:

ՏԱՍՍ-ը նշում է, որ, ինչպես եւ նախօրյակին, Ուկրաինայի զինվորական դատախազությունը շտապել է հայտարարել, որ հետաքննությունը որպես հիմնական վարկած դիտարկում է «ռուսական հետքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս