ՌԴ-ի կառուցողական դերը կարևոր է արդի հակամարտությունների կարգավորման համար. Զ. Գաբրիել
ՌԴ-ի կառուցողական դիրքորոշումը անհրաժեշտ է բազմաթիվ միջազգային հակամարտությունների կարգավորման համար: Այդ մասին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստան իր այցի նախաշեմին: «Արդի խոշոր հակամարտությունները կարելի է լուծել միայն համատեղ եւ փոխադարձ վստահության առկայությամբ,-ասել է նա:-Մեզ հարկավոր է Ռուսաստանի կառուցողական դերակատարությունը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում, ինչպես նաեւ Ուկրաինայի արեւելքում»:
Գաբրիելը նաեւ համոզված է, որ «քաղաքական բարդ ժամանակներում անհրաժեշտ է պահպանել երկխոսությունը»: «Միայն այդպես կարելի է պահպանել վստահությունը, միայն այդպես կարելի է խնդիրները լուծել խաղաղությամբ»,-ասել է ԳՖՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նա նշել է, որ «այսօր այցով ուղեւորվում է Ռուսաստան, որտեղ իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ միասին կբացի գործընկեր քաղաքների ռուս-գերմանական խորհրդաժողովը»:
«Չնայած առկա բոլոր քաղաքական տարաձայնություններին, մենք չպետք է մոռանանք, թե որքան սերտ եւ միահյուսված են դարձել ռուսների եւ գերմանացիների փոխհարաբերությունները սառը պատերազմի ավարտվելուց հետո»,- ընդգծել է Գաբրիելը: