«Դուք շփոթել եք, ես Դավիթ Հարությունյանն եմ». Դավիթ Հարությունյան
«Ինձ թվում է՝ դուք շփոթել եք, ես Դավիթ Հարությունյանն եմ, հարցը սխալ հասցեատիրոջ եք տալիս»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ի պատասխան հարցի, որ, թեև Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2018 թվականից հետո չի հավակնելու ո՛չ ՀՀ նախագահի, ո՛չ ԱԺ նախագահի պաշտոնին, բայց վարչապետի հարցը չի հստակեցրել։
Հարցին, թե՝ որտե՞ղ եք տեսնում Սերժ Սարգսյանին՝ որպես իշխող կուսակցության ղեկավար, Դ.Հարությունյանը պատասխանեց, թե այդքան երկարաժամկետ որևէ կանխատեսում անելը նպատակահարմար չէ։
«Կուսակցությունն ունի իր ծրագրերը, մենք պարբերաբար քննարկում ենք, ոչ բոլոր հարցերն ենք գտնում նպատակահարմար այս փուլում հայտնել հանրությանը»,- ասաց Դ.Հարությունյանը։
Ըստ նրա՝ 2018թ. ապրիլի վերաբերյալ յուրաքանչյուր կանխատեսում վաղաժամ է, որովհետև 2018թ. ապրիլին իրավիճակը կարող է լինել լրիվ այլ՝ թե՛ քաղաքական, թե՛ արտաքին մարտահրավերների առումով. «Եվ դա, իհարկե, հուշելու է մեզ, թե ինչ ճանապարհով պետք է գնալ առաջ»։
Դ.Հարությունյանը բնական համարեց, որ ԱԺ-ում իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսում էր մինչև 2040 թ. հեռանկարային ծրագրի մասին. «Ցանկացած իշխող ուժ միշտ ծրագրում է, որ ինքը պետք է շարունակի լինել իշխող ուժ, և դա բնական է, դա քաղաքական տրամաբանություն է, որովհետև հակառակ դեպքում՝ տրամաբանական չէ՝ ինչո՞ւ մնալ քաղաքականության մեջ։ Քաղաքական ուժն անհեթեթ բաներ չի հայտարարում, որովհետև անհեթեթ չէ»։