Ադրբեջանը վարձում է լոբբիստական և PR չորս ընկերություններ
Թուրքիայի կառավարության վարձած լոբբիստական և PR ընկերությունները բացահայելուց հետո, այժմ տեղեկացնում ենք Ադրբեջանի վարձած չորս համանման ընկերությունների մասին:
Դիտարկելով Ադրբեջանի նենգամիտ մոտեցումները արտաքին քաղաքականությանը, ես նկատեցի հետևյալ պատկերը.
1) Ինչպիսի գործողություններ էլ որ ձեռնարկեն ամերիկահայերը իրենց հարցերի լուծման համար, Ադրբեջանը ձգտում է նմանակել նրանց և հակազդել Միացյալ Նահանգներում իր վարձու ընկերությունների միջոցով: Նախագահ Ալիևն 2013 թ. իր ելույթում հայտարարեց, որ Ադրբեջանի «հիմնական թշնամին հայկական լոբբին է»: Նա նաև նշեց, որ «հայկական լոբբին օր ու գիշեր փորձում է զրպարտել Ադրբեջանին, վարկաբեկել նրա հեղինակությունը: Նրանք մեծ ֆինանսական ռեսուրսներ ունեն:
Նրանք սերտորեն կապված են իրենց երկրների իշխանությունների հետ, որտեղ «լոբբինգի» անվան տակ նվիրատվություններ են անում օրենսդիրներին: Բայց իրականում դա կաշառք է: Այսպիսով, հայկական լոբբին մեր դեմ կազմակերպված պայքարի առաջատարն է»: Իր քննադատական ծավալուն ճառում, Ալիևը կեղծորեն հայերին վերագրեց կաշառելու հետևողական արշավն ամբողջ աշխարհում, որն իրականացվում է իր իսկ կառավարության կողմից:
2) Ադրբեջանը հետևում է Թուրքիայի ավելի փորձառու պաշտոնյաների քայլերին Հայաստանի և հայկական հարցերի վերաբերյալ իր քաղաքականության մեջ, ներառյալ Հայոց ցեղասպանության ժխտումը և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից կատարված հանցագործությունների համար հայերին մեղադրելը: Ցավոք, Ադրբեջանը նաև նմանակում է Թուրքիային իր սեփական քաղաքացիներին ճնշելու հարցում՝ դժվարացնելով որոշել, թե այս երկու երկրներից որն է ավելի բռնատիրական:
3) Ադրբեջանի կառավարությունն ընդունելով, որ իր իմիջը մարդու իրավունքների խախտումների պատճառով վարկաբեկվել է Արևմուտքում, վարձել է PR և լոբբիստական ընկերություններ իր բացասական հեղինակությունը մաքրազերծելու համար: Պետք էր ակնկալել, որ եթե վարչակարգն այդքան մտահոգ է արտասահմանում իր վատ համբավով, նա իր երկրում պիտի բարելավեր մարդու իրավունքները, ուստի անհրաժեշտ չէր լինի միլիոնավոր դոլարներ վատնել ամերիկյան ընկերությունների վրա՝ իր իմիջի մաքրման անհնարին գործն իրականացնելու համար: Ալիևն 2013 թ. իր ելույթում Ադրբեջանը բաղձանքով նկարագրեց որպես «ժամանակակից, առաջադեմ, բաց, հանդուրժողական երկիր»: Ո՞վ կարող է խաբվել նման բացահայտ ստերով:
Ադրբեջանի կառավարությունը տարիներ շարունակ վարձել է տասնյակ PR և լոբբիստական ընկերություններ, սակայն այս պահին, նրա համար աշխատում են ընդամենը չորս նման ընկերություններ:
1) Podesta Group, Inc-ին Ադրբեջանը վճարում է ամսական 45 հազար դոլար. «[Ադրբեջանին] վերաբերող հարցերի ուսումնասիրության և վերլուծության համար. խորհրդատվություն [Ադրբեջանին] ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ, գործունեություն Կոնգրեսում և գործադիր ճյուղում և ընդհանուր առմամբ, ԱՄՆ քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ. անհրաժեշտության դեպքում կապերի հաստատում Կոնգրեսի անդամների, նրանց աշխատակազմերի և գործադիր ճյուղի պաշտոնյաների, լրատվամիջոցների և հասարակակական կազմակերպությունների հետ»:
2) SOCAR USA-ը (Ադրբեջանի պետական նավթընկերության ԱՄՆ դուստր ձեռնարկությունը) վճարում է Roberti White ՍՊԸ-ին 125 հազար դոլար «[Ադրբեջանին] վերաբերող հարցերի ուսումնասիրության և վերլուծության համար. խորհրդատվություն [Ադրբեջանին] ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ, գործունեություն Կոնգրեսում և գործադիր ճյուղում և ընդհանուր առմամբ, ԱՄՆ քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ. անհրաժեշտության դեպքում կապերի հաստատում Կոնգրեսի անդամների, նրանց աշխատակազմերի և գործադիր ճյուղի պաշտոնյաների, լրատվամիջոցների և հասարակակական կազմակերպությունների հետ»: Զարմանալի չէ, որ Roberti White-ի կատարած գործառույթները SOCAR USA-ի համար նույնն են, ինչ Podesta Group, Inc.-ինը Ադրբեջանի կառավարության համար:
3) Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը ամսական 50 հազար դոլար վճարում է BGR Government Affairs ՍՊԸ-ին, «ռազմավարական ուղղորդում և խորհրդատվություն տրամադրելու համար պետական գործերի և PR գործունեության առնչությամբ Միացյալ Նահանգներում: Սա է հարկ եղած մոտեցումը Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնատար անձանց, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և այլ անհատների Միացյալ Նահանգներում»:
4) Լոս Անջելեսում գտնվող Ադրբեջանի հյուպատոսությունը, 2009 թ. չորս ամիս ժամկետով, միանվագ 35 հազար դոլար վճարով վարձել է Tool Shed Group ընկերությանը, որի գլխավոր գրասենյակը սկզբում գտնվում էր Վուդլենդ Հիլզում, Կալիֆորնիա, իսկ այժմ՝ Պարկերում, Կոլորադո: Tool Shed Group-ն այժմ նաև ներկայացնում է Ադրբեջանի Հանրապետությունը: Այդ ժամանակից ի վեր պայմանագիրը թարմացվում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Tool Shed-ը ղեկավարում է Ամերիկայի հրեական կոմիտեի հասարակայնության հետ կապերի նախկին տնօրեն Ջեյսոն Կացը: Tool Shed-ը տրամադրում է «խորհրդատվական ծառայություններ հյուպատոսությանը, ներառյալ ճեպազրույցների և դասախոսությունների կազմակերպում, հանդիպումների դյուրացում համայնքի անդամների, ընտրված և նշանակովի պաշտոնյաների, ձեռնարկությունների ղեկավարների հետ, «հեղինակային կարծիքների» շարադրում ու տարածում»:
Վերջերս, Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը տարածեց՝ «Լեռնային Ղարաբաղ. պատմություն և փաստեր» խորագրով մի գունավոր գրքույկ Լոս Անջելեսում գտնվող բոլոր հյուպատոսություններին, և հավանաբար շատ ուրիշների: Այս 16-էջանոց քարոզչական նյութը, լի Արցախի մասին խեղաթյուրումներով, ամենայն հավանականությամբ, պատրաստվել էր Ադրբեջանի և նրա հյուպատոսության PR և լոբբիստական ընկերության՝ Tool Shed Group-ի կողմից: 16-րդ էջի վերջում նշված է՝ «Հրատարակված է Ադրբեջանի հյուպատոսության կողմից Լոս Անջելեսում»: Հետաքրքիր է, որ այս նախադասության մեջ նշված չէ, թե ով է պատրաստել գրքույկը, այլ պարզապես, թե ով է հրատարակել այն…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի