Բաժիններ՝

ՔԿՀ պաշտոնյաները չարաշահել են պաշտոնեական դիրքը, կաշառք ստացել և պաշտոնեական կեղծիք կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված` ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի հաղորդման և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կողմից իրականացված ծառայողական քննության նյութերի հիման վրա:

Այսպես, դատապարտյալ Ա. Մ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զբաղվում են ակնհայտ ապօրինի գործողություններով, մասնավորապես` կաշառքի դիմաց բջջային հեռախոսներ հիմնարկ ներկրելով: Դատապարտյալը հայտնել է, որ ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի ծառայող Հ. Կ.-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում վերջինս 2016 թվականի դեկտեմբերին և 2017 թվականի հունվարին իրեն փոխանցել է բջջային հեռախոսներ, որոնց դիմաց ԱՄՆ-ում բնակվող իր հայրը հիշյալ աշխատակցի մատնանշած անձի հաշվեհամարին փոխանցել է շուրջ 550 ԱՄՆ դոլար գումար: Ինքն էլ, իր հերթին, նշված հեռախոսները վաճառել է նույն հիմնարկի այլ դատապարտյալների:

Բացի այդ, ըստ Ա. Մ.-ի հաղոդման, նույն հիմնարկի պաշտոնատար անձինք խցի խուզարկությամբ մի քանի անգամ հայտնաբերել են իրեն պատկանող բջջային հեռախոսներ, որից հետո կեղծ տեղեկանքներ են կազմել, թե, իբր, դրանք հանձնել են իր ծանոթներին, մինչդեռ իրականում հետ են վերադարձրել իրեն:

Այսպիսով, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, կաշառք տալու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև 312-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս