Petya շորթիչ-վիրուսը հասել է Ասիա
Petya շորթիչ-վիրուսը, որը տարածվում է WannaCry վնասաբեր ծածկագրողի նմանությամբ եւ արդեն ձեռնարկությունների, նավահանգստային օպերատորների եւ կառավարական կառույցների համակարգիչներ է ախտահարել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, հասել է Ասիա, ինչի մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
Կիբեռգրոհի հետեւանքով շարքից դուրս է եկել Հնդկաստանի Ջավահառլալ Ներուի անվան խոշորագույն կոնտեյներային նավահանգստի բեռնահոսքերի կառավարման համակարգը, որի օպերատորը A.P. Moller-Maersk-ն է: Ինչպես հայտնել է երկրի տրանսպորտի նախարարությունը, համակարգը չի ճանաչում բեռների պատկանելությունը:
Կան նշաններ, որ վիրուսն սկսում է տարածվել Չինաստանում, սակայն այստեղ ընդգրկուն խափանումներ չեն գրանցվել, ասել է Չժեն Վենբինը՝ Qihoo 360 Technology Co-ի տեղեկատվության պաշտպանության գլխավոր մասնագետը:
ESET վիրուսային լաբորատորիայի փորձագետները հունիսի 27-ին հայտարարել են, որ Petya վնասաբեր շորթիչ ծրագրի տարածումն սկսվել է Ուկրաինայից: Այդ երկիրն ամենից ավելի է տուժել կիբեռգրոհից, ասված է հաշվետվության մեջ: Վիրուսից առավել տուժած երկրների տասնյակում տեղ են գտել նաեւ Իտալիան, Իսրայելը, Սերբիան, Հունգարիան, Ռումինիան, Լեհաստանը, Արգենտինան, Չեխիան եւ Գերմանիան: Ռուսաստանը 14-րդ տեղում է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: