«Վեոլիա Ջուր» ընկերությունից վստահեցնում են՝ Փարաքարի ջրամատակարարումն առաջիկայում կբարելավվի
Փարաքար համայնքում խմելու ջրի լուրջ խնդիր կա։ Արդեն մի քանի տարի է՝ նույն համայնքի մաս կազմող Թաիրով գյուղն ապահովված է 24-ժամյա ջրամատակարարմամբ, մինչդեռ Փարաքարում խմելու ջուրը բնակչությանը տրվում է ընդամենը մի քանի ժամով, իսկ ամռան ամիսներին նույնիսկ ջրամատակարարման համար սահմանված ժամերին շատ ու շատ թաղամասեր ջուր չի հասնում։
Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը տարբեր առիթներով նշում է, որ համայնքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը հանձնել են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Ջրային տնտեսության պետական կոմիտեի, կառավարության համապատասխան որոշմամբ էլ այդ համակարգը հանձնվել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը։
168.am-ը խնդրի առնչությամբ հարցում էր ուղարկել «Վեոլիա Ջուր» ընկերությանը։ Մասնավորապես հետաքրքրվել էինք՝ ինչո՞ւ Փարաքար համայնքի ջրամատակարարումը շուրջօրյա չէ՝ այն դեպքում, երբ Թաիրով համայնքում նման խնդիր չկա, ի՞նչ քայլեր են արվում այդ խնդիրը լուծելու ուղղությամբ։
Փարաքարի բնակիչներն ասում են, որ համապատասխան ջրագծեր անցկացնելու համար պատրաստ են միջոցներ տրամադրել, միայն թե խմելու ջրի հարցը լուծվի, ուստի նաև հետաքրքրվել էինք՝ արդյոք «Վեոլիա Ջուր» ընկերությունը կաջակցի՞ բնակիչներին այս հարցում՝ հաշվի առնելով համայնքի ղեկավարի այն հայտարարությունը, թե պատասխանատվությունը «Վեոլիա Ջուր» ընկերության վրա է։
Ահա թե ինչ պատասխան ենք ստացել «Վեոլիա Ջուր» ընկերությունից.
«Ի պատասխան Ձեր հարցմանը՝ կապված Փարաքար համայնքի ջրամատակարարման հետ, տեղեկացնում ենք, որ «Վեոլիա Ջուր» ընկերության «Արևմուտք» Տարածաշրջանի տնօրինությունն այս համայնքի շահագործումը ստանձնել է ջրամատակարարման ներկայիս գրաֆիկով և շարունակում է նույնությամբ սպասարկել:
Այո, Փարաքարում ջրամատակարարման որոշ խնդիրներ կան, բայց դրանք նոր չեն: Մասնավորապես, խոսքն ամռանը բնակիչների կողմից խմելու ջուրը զանգվածաբար ոռոգման նպատակով օգտագործելու մասին է, որի պատճառով որոշ թաղամասերի ջրամատակարարումը վատթարանում է: Դրանցից լավատեղյակ է նաև համայնքի ղեկավարությունը: Ժամանակին նախկին «Երևան Ջուր» ՓԲԸ հետ համատեղ որոշ քայլեր արվել են ջրամատակարարման բարելավման համար, սակայն բոլոր հարցերը չէ, որ հաջողվել է լուծել:
Գործող օպերատոր «Վեոլիա Ջուր» ՓԲԸ դրանք իր ուշադրության կենտրոնում է պահում, և առաջիկա ծրագրերի շրջանակներում պատրաստվում է նախատեսված աշխատանքների արդյունքում այնտեղ ջրամատակարարումը զգալիորեն բարելավել: Սակայն, հասկանալի է, որ այս ամենի համար անհրաժեշտ է և՛ ժամանակ, և՛ միջոցներ, այդուհանդերձ տնօրինությունը կանի հնարավորինս՝ առկա խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու համար»։