«ԱՄՆ-ը չի ցանկանում պատերազմի մեջ ներքաշվել Սիրիայում». Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ-ը թույլ չի տա Սիրիայում իրեն ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ: Այդ մասին, ինչպես հունիսի 27-ին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը, հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը։
«Մենք պարզապես հրաժարվում ենք ներքաշված լինել սիրիական քաղաքացիական պատերազմի մեջ, մենք փորձում ենք այն դադարեցնել դիվանագիտական ջանքերի միջոցով»,-հայտարարել է Պենտագոնի ղեկավարը: Միաժամանակ Մեթիսը հավելել է, որ Սիրիայի տարածքում տեղաբաշխված ամերիկացի զինվորականներն իրենց իրավունք են վերապահում կրակ բացել ինքնապաշտպանության նպատակով:
«Եթե ինչ-որ մեկը գրոհի մեզ վրա, սկսի ռմբակոծել մեզ, կրակել մեզ վրա, ապա մենք կանենք այն, ինչ պարտավոր ենք անել ինքնապաշտպանության սկզբունքին համապատասխան»,-ասել է ՄԵթիսը: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը նշել է, որ Վաշինգտոնը Սիրիայում իր թշնամին է համարում «Իսլամական պետություն» խմբավորումը:
Մեթիսի հայտարարություններն արվել են ինքնաթիռում Գերմանիա մեկնելու ճանապարհին, նախքան այն, երբ հունիսի 26-ի երեկոյան Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտարարեց, որ ամերիկյան կառավարությունը այն բանի նշաններ է տեսնում, որ Դամասկոսում իշխանությունները վերստին պատրաստվում են քիմիական զենք կիրառել Սիրիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: