«Մենք ի՞նչ արժեք ենք դրել այս թղթի մեջ, որ սրանով որոշենք Հայաստանի ապագան». Թևան Պողոսյան
ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով՝ կառավարության ներկայացրած նոր ծրագրում նոր շունչ չկա, նոր խոսք չի ասվում: Այդ իսկ պատճառով՝ նա ծրագիրն անվանում է հնարավորությունների ծրագիր, քանի որ, ըստ նրա՝ «կախված ենք դրսի դոնորներից, կարևորում ենք, թե ովքեր են եկել Հայաստան պատրաստի ծրագրով և պատրաստի ֆինանսական միջոցներով»: Բանախոսի խոսքով՝ կառավարության ծրագրի ժամանակ բաց է թողնվել նոր մշակույթ, նոր ոճ ներկայացնելու հերթական հնարավորությունը:
«Մենք ի՞նչ արժեք ենք դրել այս թղթի մեջ, որ սրանով որոշենք Հայաստանի ապագան: Եթե գաղափարը միայն այն է, որ ունենալու ենք 64 հոգի, և այդ 64 հոգին միշտ կողմ են քվեարկելու նմանատիպ ծրագրերին, ակնկալիքներ չենք կարող ունենալ: Բայց հուսանք, որ, այնուամենայնիվ, կլինեն մոտեցումների փոփոխություններ, և բոլորը կգիտակցեն, որ Հայաստանի ապագան բոլորիս միասնության մեջ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Թևան Պողոսյանը:
Նրա դիտարկմամբ՝ անգամ տարբերություն չկա, թե թղթի վրա ինչ է գրված, եթե 64 հոգին կողմ են քվեարկելու: Կառավարությունն անգամ կարող էր բերել 2012-2017 թվականների ծրագիրը՝ պատճառաբանելով, որ առաջին անգամ լավ չստացվեց, նորից ենք փորձում, և միևնույն է՝ 64 կողմ կքվեարկեին, կանցներ-կգնար:
Բանախոսի խոսքով՝ ողջունելի կլիներ, եթե նախապես ժողովրդին ներկայացնեին ծրագիրը, ինչպես նաև ասեին, որ փորձելու են համախմբել երկու գործընկերների ծրագրերը:
«Երբ լսում ես, որ ասում են՝ ինչ անենք, որ դուք 300 քանի հազար ձայն եք հավաքել, մենք հո դրանից ավել ենք ստացել, հասկանում ես, որ նոր մշակույթ չկա, և բոլոր այն մարդիկ, ովքեր քվեարկել են այլ քաղաքական ուժերի, իրենց քվեն հարգանքի չի արժանացել»,- ասաց նա:
Թևան Պողոսյանը նկատեց, որ ծրագրում կան կետեր, որտեղ նշված է, որ կառավարությունը պատրաստվում է քայլեր իրականացնել 2017 թվականից 2022 թվականը, ու կան նաև դրույթներ, որտեղ գրված է՝ 2017-ից մինչև 2018թ., ու չկա տեղեկություն, թե դրանից հետո այդ ոլորտում ի՞նչ է լինելու:
«Տեղեր կան, որ հասկանում եմ՝ 2017-2022 թվականների համար են ծրագրերը, լուրջ մշակվել են, բայց կան տեղեր, որ կարդում ես, թվում է՝ հին ծրագրից copy-paste են արել, բերել են, դրել մեջը»:
Անի Թորոսյան