Սոցիոլոգներն աշխարհում ԱՄՆ-ի հեղինակության անկում են արձանագրել
Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ի քաղաքականության հավանության վարկանիշն աշխարհում զգալիորեն նվազել է: Հետազոտության այս արդյունքներն է ներկայացնում Pew Research Center-ը։
Եթե Բարաք Օբամայի նախագահական ժամկետի ավարտին Միացյալ Նահանգների նկատմամբ դրական վերաբերմունքի մասին հայտարարել էր հարցվածների 64 տոկոսը, ապա այս տարվա գարնանը, երբ Սպիտակ տանն արդեն հաստատվել էր Թրամփը, ԱՄՆ-ին ցուցաբերվող աջակցության մակարդակը կազմել է 49 տոկոս: Սոցիոլոգների տվյալներով՝ Վաշինգտոնի քաղաքականության հավանության վարկանիշն ընկել է պետության ղեկավարի նկատմամբ վստահության անկման հետ միաժամանակ:
Այսպես, Օբամայի ժամկետի ավարտին նրան վստահում էր հարցման մասնակիցների 64 տոկոսը, նախագահության առաջին շաբաթներին Թրամփին պաշտպանում էր հարցվածների ընդամենը 22 տոկոսը: Դրա հետ մեկտեղ Սպիտակ տան տիրոջ նկատմամբ անվստահության մակարդակը 23-ից աճել է մինչեւ 74 տոկոս: Այդ առումով բացառություն են կազմում միայն Իսրայելը եւ Ռուսաստանը. այս երկրներում ԱՄՆ-ի նախագահի նկատմամբ վստահության մակարդակը, ընդհակառակը, 49 տոկոսից բարձրացել է մինչեւ 56 տոկոս եւ 11-ից՝ մինչեւ 53 տոկոս՝ համապատասխանաբար:
Նշվում է, որ հարցումն անցկացվել է աշխարհի 37 երկրներում, բացառությամբ՝ Միացյալ Նահանգների: Հետազոտությանը նաեւ չեն մասնակցել Չինաստանի քաղաքացիները: