Բաժիններ՝

ԱՄՆ-ի առևտրի նախարարն անսպասելիորեն չեղյալ է հայտարարել իր ուղևորությունը Բեռլին

ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսն անսպասելիորեն չեղյալ է հայտարարել իր ուղեւորությունը Բեռլին: Այդ մասին հայտնել է Frankfurter Allgemeine Zeitung թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը: Նախարարությունում չեն հայտնել Ռոսի այցի չեղարկման պատճառները: Հունիսի 27-ին Ռոսը պետք է հանդիպեր Գերմանիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարության ղեկավար Բրիգիտա Ցիպրիսի հետ: Երեկոյան պլանավորված էր նրա ելույթն այն միջոցառմանը, որը կազմակերպելու էր ՔԴՄ-ի տնտեսական խորհուրդը:

Այնտեղ նա պետք է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկեր անդրատլանտյան համագործակցությունը: Ավելի վաղ Ցիպրիսը նամակ էր հղել Ռոսին, որում քննադատության էր ենթարկել Վաշինգտոնի պլանները արտասահմանից ներմուծական պողպատի մատակարարումների նկատմամբ ստուգում անցկացնելու վերաբերյալ:

Քննադատության համար առիթ էր ծառայել նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը ԱՄՆ-ին ներմուծական պողպատի մատակարարումների նկատմամբ ստուգում անցկացնելու վերաբերյալ, որը պատճառաբանվել է ազգային անվտանգության շահերի ապահովմամբ:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության տեղեկատվությամբ՝ Ռոսի գերատեսչությունը պետք է մոտ ժամանակներս այս հարցի վերաբերյալ զեկույց հրապարակի: Ցիպրիսն անհանգստացած է այն փաստից, որ զեկույցը, դատելով ըստ որոշ նշանների, «կարող է հաստատել, որ պողպատի ներմուծումը, այդ թվում Եվրամիությունից, կարող է սպառնալ Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը», քանի որ «սակագների կամ ներմուծման կրճատման համար այսպես կոչված բաժնեչափերի սահմանման դեպքում» եվրոպացի եւ գերմանացի արտադրողները վնասներ կկրեն «փոխանակ նվազեցնելու գլոբալ գերարտադրությունը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս