Բաժիններ՝

«Բոլորն ենք ստուգելու, ոչ միայն «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը». ՊԵԿ նախագահ

«Ես կարող եմ ձեզ հավատացնել, որ մենաշնորհների ու ստվերի դեմ ամեն օր մենք պայքարում ենք: Ունե՞նք արդյունքներ, թե՞ ոչ, ինձ թվում է, որ բյուջեի կատարողականի հինգ ամսվա թվերը փաստում են, որ դրական միտումներ կան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՊԵԿ-ին հաջողվո՞ւմ է խոշորներին ստվերից բերել հարկման դաշտ:

«Քեթրին Գրուպ» ընկերությունում ստուգումներն, ըստ նրա, բնականոն գործընթաց է, քանի որ այն ևս տնտեսվարող սուբյեկտ է, որտեղ կարող է առաջանալ ցանկացած խնդիր, ինչպես և բոլոր տնտեսվարողների մոտ. «Եթե մենք ունենք որևէ ռիսկ որևէ ընկերությունում, բնական է, որ պետք է ստուգվեն»:

168.am-ի դիտարկմանը, թե «Ալեքս Տեքստիլ» ընկերություն վարչապխետի այցից հետո ԶԼՄ-ները հաշվարկել էին, որ աշխատողների քանակը չի համապատասխանում վճարված եկամտահարկին, արդյոք ստուգումներ կարվե՞ն այդ ընկերությունում, Վ.Հարությունյանը պատասխանեց, որ «եթե անհաժեշտություն լինի», ստուգումներ կարվեն.

«Որևէ երկրում ստվերը 100 % վերացված չէ: Ուղղակի մենք ամեն օր պետք է հետևողական պայքար տանենք դրա դեմ: Եթե ձեզ հետաքրքրում է կոնկրետ «Ալեքս Տեքստիլը», ապա բոլորն ենք ստուգելու, ոչ միայն այդ ընկերությունը: Մի’ ֆիքսվեք մի սուբյեկտի վրա: Եթե դուք կոնկրետ փաստ ունեք, շնորհակալություն, որ դուք այդ փաստը հրապարակեցիք, ես ձեզ հավաստիացնում եմ, որ արագ կարձագանքենք»:

ՊԵԿ նախագահը հրաժարվեց հրապարակել որևէ մի խոշոր տնտեսվարողի անուն, որը նախքան Հարությունյանի պաշտոնավարելը ստվերում էր գործել և բերվել է հարկման դաշտ. «Դուք երևի վերջին 8-9 ամսվա իմ աշխատանքային գործունեությունը տեսել եք, երբևիցե ես չեմ փորձել մեր ձեռքբերումները հանրայնացնել և դրանց մասին բարձարաձայնել: Դրա համար թույլ տվեք այդ հարցին չպատասխանել: Այսօր կարող ենք արձանագրել, որ հարկային եկամուտների աճ կա վերջին 8-9 ամսում, և դրանով կարելի է փաստել այն հաջողությունները, որոնք ունեցել ենք»:

Վ.Հարությունյանը հավելեց, որ դա խիստ գաղտնի տեղեկություն չէ, պարզապես հարկային գաղտնիք կա և ցանկացած տնտեսվարող իր աշխատանքի ընթացքում կարող է թույլ տալ սխալներ, ստուգման արդյունքում այդ սխալներն ի հայտ են գալիս և շտկվում են, որի արդյունքում պետական բյուջե տուգանքի տեսքով գումարներ են վճարվում. «Եթե վճարվել է, մարդիկ շտկվել են, ինչո՞ւ եք դուք հիմա ուզում ցեխ շպրտել այդ մարդկանց վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս