«Կառավարությունն ասում է, որ ոչինչ չի անելու, դուք ձեր հարցերը լուծեք». Հայկ Գևորգյանը՝ կառավարության ծրագրի մասին
Տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով կառավարության ծրագրի և, մասնավորապես, այնտեղ նշված տարեկան 5% ՀՆԱ աճի մասին, ասաց, որ դա ապահովելու համար կառավարությունը կարող է ոչինչ չանել։
«Տնտեսագետները կփաստեն, որ որքան ցածր է բազան, այնքան հեշտ է ապահովել ՀՆԱ-ի աճ։ Հիմա, նախ՝ կառավարության ծրագրում հստակ նշված չէ՝ խոսքն անվանակա՞ն, թե՞ իրական աճի մասին է, բայց եթե լռություն է, ուրեմն՝ նկատի ունեն անվանական աճը։ Այսինքն՝ եղել է 10 մլրդ դոլար 2016թ., պետք է 2017թ. լինի 10 մլրդ գումարած 5%: Ես զարմանում եմ, որ ասում են՝ սա հավակնոտ ծրագիր է, որովհետև 5% տնտեսական աճ ապահովելու համար, ըստ էության, ոչինչ պետք չէ անել։ Կարծեմ՝ 2012թ. մենք ունեցել ենք 7.2% աճ այն դեպքում, երբ կառավարությունը որևէ բարեփոխում չէր արել, ուղղակի կտրուկ աճել էին մասնավոր տրանսֆերտները ՌԴ-ից, և կտրուկ աճել էր պղնձի միջազգային գինը։ 5% թիրախ վերցնել, նշանակում է՝ կառավարությունն ասում է, որ ոչինչ չի անելու, դուք ձեր հարցերը լուծեք»,- նկատեց նա։
Հայկ Գևորգյանի խոսքով՝ պղնձի գինը հիմա մոտ 5600 դոլար է, և, եթե դառնա, ասենք, 8 հազար դոլար, ապա, ըստ նրա՝ առնվազն 2-3%, միայն դրա շնորհիվ տնտեսական աճ կապահովվի. «Տարեկան մոտ 2 մլրդ դոլար կազմում են մասնավոր տրանսֆերտները, հիմա դա իջել է, դրա համար տնտեսական աճը 0.2 տոկոս է։ Հիմա եթե դա աճի, բնակչության գնողունակությունն էլ կմեծանա, կստացվի, որ ՀՆԱ-ն աճեց, բայց կառավարության, իշխանության գործունեության մեջ դրանից որևէ փոփոխություն չի լինի»։