Մահացել է Վլադիմիր Աբրահամյանը
Կյանքի 87-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, 1957 թվականից ՀԳՄ անդամ Վլադիմիր Աբրահամյանը։
Վլ. Աբրահամյանը ծնվել է 1930թ., Շամխորի շրջանի Լեռնային Ջագիր գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Հանրապետություն)։ Սովորել է Բաքվի պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։ Խորհրդային շրջանում եղել է «Գրական Ադրբեջան» գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագիր, Ադրբեջանի գրողների միության հայկական մասնաճյուղի ղեկավար։
1991 թվականին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, բնակություն հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար (Վարդենիս) գյուղում։
Վլ. Աբրահամյանը բազմաթիվ բանաստեղծական գրքերի հեղինակ է։ Այդ թվում՝ «Աստղ լուսո» (1983), «Իմ սիրո ծառ, սալորենի» (1989), «Կենաց ծառ» (1999), «Ամպրոպի արահետով» (2002), «Զրույց ստվերիս հետ» (2011)։
Կատարել է նաև թարգմանություններ։ Ադրբեջանական դասական և ժամանակակից պոեզիայից նրա թարգմանությունները 7 գրքերով հրատարակվել են Երևանում՝ 1970-1980 թվականներին։
Հայրենի եզերքի, ժողովրդի անցած ազատատենչ ճանապարհի, բնության և մարդկային հավերժական արժեքների արծարծումներով բնորոշվող ստեղծագործությունների համար Վլ. Աբրահամյանն արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի (2005), Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի, ԼՂՀՄ մարզային խորհրդի պատվոգրի և այլ պարգևների։
Վաստակաշատ գրողի, հայրենանվեր հայի, գրական-մշակութային գործչի հիշատակը վառ կմնա նրա ընթերցողների, գրչընկերների, մտերիմների ու հարազատների սրտերում։