Տղամարդկանց հոգեբանական տիպերը
Եթե տղամարդն ու կինն անվերջ գժտվում են, պատճառը երկուսից մեկն է` կամ նրանք պաշտում են միմյանց, կամ չեն կարող
միմյանց տանել։
Կաբալյերո
Որքան էլ փորձենք ինքնուրույն կյանք վարել, միևնույն է, գալիս է մի պահ, երբ զգում ես այն բացը, այն տեղը, որը բնությունից հատկացված է որևէ մեկին, ով կլրացնի և կամբողջացնի քո գոյությունը:
Ցավոք, ներկա ժամանակահատվածում այդ արժեքային զգացողությունը վերածվել է նյութական ընտրության, և սիրո զգացողությունը, որը պետք է լիներ առաջին գրավականն ընտրություն կատարելիս, դարձել է շատ երկրորդական հատկանիշ: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր կին իր սրտի խորքում ցանկանում է լինել սիրված, հարգված, սպասված, ցանկալի և գնահատված:
Իսկ այդ բոլոր երկրային զգացողությունները կանանց տալիս են տղամարդիկ, ովքեր ըստ իրենց հոգեբանական տեսակների՝ դա անում են յուրովի: Փորձենք նշել հիմնական մի քանի տեսակ, ըստ որոնց՝ կարելի է դասակարգել տղամարդկանց հոգեբանական տիպերը:
1. Ի ծնե արվեստագետ. նման տղամարդիկ թե երևակայական, թե նյութական տեսանկյունից ոչ մի ջանք չեն խնայում, որպեսզի իրենց ընտրյալին դարձնեն երջանիկ և բավարարված: Նրանց հետ անձնական կյանքը միշտ ուրախ է՝ առանց խոչընդոտների, առանց ձանձրույթի և հիասթափության: Սակայն նրանց կողքին խորհուրդ չի տրվում լիցքաթափվել, քանի որ նրանք շատ ակտիվ են և պահանջում են փոխադարձություն:
2. «Վատ տղա». նման տղամարդիկ միշտ վանվում են հանգիստ և հարմարավետ տնից, և այն փոխարինում են անվերջ խնջույքներով: Նրանք սիրում են արագություն, վտանգավոր ճանապարհորդություններ և տարբեր արկածներ: Որպես կանոն՝ այս տղամարդու հետ օրը երբեք գորշ և միապաղաղ չի անցնում, սակայն պետք է ունենալ մեծ կամքի ուժ և համբերություն, որպեսզի նման տղամարդուն աստիճանաբար վերածես տնակյացի:
3. Սրամիտ մտավորականը. սա կանանց կողմից ամենավստահելի տղամարդու տիպն է, քանի որ նա, անկախ իր տարիքից, դաստիարակությունից և սոցիալական դիրքից, ցանկացած միջավայրում կլինի բարձունքի վրա: Նման տղամարդիկ ունակ են նույնիսկ ամենաանհետաքրքիր խոսակցությունը վերածել բովանդակալից քննարկման՝ գրավելով ներկաների ուշադրությունը: Որպես կանոն՝ նման տղամարդիկ՝ որպես իրենց կողակից, ընտրում են ինքնավստահ, կրթված, խելացի և ոչ պակաս մտավորական կանանց, քանի որ նրանցից կարելի է սովորել և շարունակել ինքնազարգանալ:
4. Վստահ սեփական գերակայությանը. հաճախ նման տիպի տղամարդկանց հետ շփումն ուղեկցվում է դժվարություններով, սակայն հենց այս տիպի տղամարդիկ առավել մեծ հեղինակություն են վայելում կանանց շրջապատում: Ինքնավստահ տղամարդիկ գիտեն սեփական խելքի ու հմայքի արժեքը և այդ պատճառով էլ շատ հազվադեպ են խանդի տեսարաններ ստեղծում: Նման տղամարդիկ չեն փորձում գրավել այլոց ուշադրությունը, սակայն միշտ գտնվում են շրջապատի կանանց ուշադրության կենտրոնում:
5. Հուսահատ ռոմանտիկը. հիշո՞ւմ եք հեքիաթների արքայազններին: Նրանք բոլորը ռոմանտիկներ են՝ պատրաստ բազմաթիվ փորձությունների և դժվարությունների՝ հանուն իրենց սիրեցյալի: Գրեթե բոլոր դեռահաս աղջիկները երազել են հանդիպել նման ռոմանտիկ անձնավորության: Իրական կյանքում նման ռոմանտիկ տղամարդիկ գոյություն ունեն: Նրանք հավատում են հավերժական զգացմունքներին: Նման տղամարդու կողքին ապրելը հեշտ է և հաճելի, քանի որ նա միշտ կարևորում է կողակցին, նրան ընդունում է՝ որպես իր կյանքի միակին, և անում է ամեն բան հանուն նրա:
6. Քաղաքավարին. Նման տղամարդը հիանալի կերպով կարողանում է խրախուսել և աջակցել հոգնած կամ հուսահատված կնոջը՝ նրան պարգևելով նոր տրամադրություն: Նա շատ լավ զգում է հարազատ մարդկանց ներաշխարհի բոլոր նրբերանգները, այդ պատճառով էլ նա երբեք նրանց անհարմար դրության մեջ չի դնի: Որպես կանոն՝ նման տղամարդկանց նախընտրում են այն կանայք, ովքեր անցյալում սիրային խնդիրներ են ունեցել և հիմա ցանկանում են ապրել խաղաղ և տրամադրող միջավայրում:
7. Արտասահմանցին. սա տղամարդկանց այն տիպն է, ով մյուսներից տարբերվում է իր նորարարություններով և օրիգինալությամբ: Իրականում այս տիպին համապատասխանելու համար պարտադիր չէ լինել արտասահմանցի: Ընդամենը պետք է կարողանալ առանձնանալ մյուսներից՝ սեփական հնարավորությունների և գիտելիքների հաշվին:
Ինչպես էլ ապրեք, ինչպես էլ վերաբերվեք կյանքին, միևնույն է, մի պահ կանգնելու եք ընտրության առջև: Ընտրություն կատարելիս՝ եթե ցանկանում եք ունենալ հոգեբանական, այլ ոչ թե՝ նյութական լիարժեքություն, նախապատվություն տվեք ձեր սրտին, և ոչ թե՝ դատողությանը, որը միշտ խոսում է ապահովվածության և առողջ էգոիզմի տեսանկյունից: