Համբուրգի ոստիկանությունը պատրաստ է ձերբակալել Էրդողանի թիկնազորի անդամներին
Համբուրգ քաղաքի ոստիկանության պետ Ռալֆ Մարտին Մեյերը հայտարարել է, որ եթե G-20 գագաթնաժողովի շրջանակում Գերմանիա ժամանած Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնազորի անդամները, ովքեր ԱՄՆ-ում հետախուզման մեջ են հայտարարված, ծեծկռտուք սկսեն, ապա իրենք պատրաստ են դիմելու ցանկացած միջոցի՝ ընդհուպ մինչև ձերբակալության: Այս մասին Մեյերը հայտնել է գերմանական Bild պարբերականի հետ զրույցում:
Համբուրգի ոստիկանապետը նշել է, որ թույլ չեն տալու թիկնազորի անդամներին կռվի մեջ մտնել, ինչը տեղի էր ունեցել Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում: «Մենք հայտնել ենք թուրքական կողմին, որ նման բան թույլ չենք տալու: Եթե որևէ մեկը ուժ կիրառի, ապա բոլոր միջոցները կձեռնարկենք, այդ թվում և ձերբակալությունը»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից պաշտոնական Անկարային հայտնել են, որ չեն ցանկանում իրենց երկրում տեսնել Էրդողանի թիկնազորի այն 12 անդամներին, ովքեր Վաշինգտոնում հարձակվել էին ցուցարարների վրա և ում նկատմամբ կա կալանքի որոշում:
Համբուրգում կայանալիք G-20 գագաթնաժողովի շրջանակում ակնկալվում են բողոքի ակցիաներ: Մասնավորապես հայտնի է, որ Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմնակիցները Թուրքիայի ղեկավարության դեմ բողոքի ակցիա են կազմակերպում:
Միացյալ Նահանգներ այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ էին դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց էին տեղափոխվել: Հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրել էին Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:
Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հունիսի 15-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել:
ԱՄՆ երկու թուրք քաղաքացիներ, որ մասնակցել էին հարձակմանը, արդեն ձերբակալված են: